Նարինեն չի զղջում. ո՞վ է Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը

Նարինեն չի զղջում. ո՞վ է Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը

Նախօրեին Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ 47-ամյա կինը Քաշաթաղցի է, որը տեղափոխվել է Մալիշկա գյուղ։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Նարինեն ծնունդով Երևանից է, ընտանիքի հետ Քաշաթաղ է տեղափոխվել 2000-ականների սկզբին, ապրել են Քարեգահ գյուղում, որը նախորդ տարի օգոստոսին ամբողջությամբ անցել է թշնամու տիրապետության տակ։ Բազմազավակ մայր Նարինեն ընտանիքի հետ բնակվում է Մալիշկա գյուղում։ Նարինեի միակ որդին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։ 

MediaHub-ին Նարինեի հարևաններից մեկը, որը չցանկացած ներկայանալ, պատմեց, որ հանգիստ և հավասարակշռված ընտանիք են, երբեք որևէ ավելորդ և անադեկվատ պահվածք չեն նկատել։

«Նարինեի երկու երեխաներն են Մալիշկայում, մյուսները, եթե չեմ սխալվում, Երևանում են, ամեն մեկն իր ընտանիքն ունի։ Այստեղ ապրող երեխաների համար ամեն ինչ անում է, որ լավ ապագա ունենան։ Դե, ուրիշ ի՞նչ պիտի աներ՝ տուն են կորցրել, ավելի ճիշտ թշնամուն թողել, պարզ է, որ այդպես կարձագանքեր, երբ այս ամենի թիվ մեկ մեղավորին տեսներ։ Որ մեկս էլ լինեինք, այդպես կվարվեինք։ Ափսոսում եմ, որ քրգործ է հարուցվել։ Տպավորություն է, թե մեծ հանցանք է գործել… բա որ էդքան առանց տրտնջալու Արցախի կեսը հանձնեցին, ինչի՞ պատասխան չտվեցին։ Նարինեից ու իր ընտանիքից հայրենասեր մա՞րդ են գտնելու»,-ասաց նա։ 

Մեր զրուցակիցը նաև վստահ փոխանցեց՝ Նարինեն չի զղջում կատարվածի համար:

Իսկ ահա Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը MediaHub-ին պատմեց, որ ընտանիքի մասին բոլորն էլ լավ կարծիք ունեն։ 

«Ամուսնու հետ երեկ եմ խոսել, բայց իրականում, կարծում եմ, որ գործը կկարճվի։ Իրենք շատ հանգիստ ընտանիք են, այս ամիսների ընթացքում փորձել են ամեն ինչ անել, որ իրենց երեխաների համար լավ լինի։ 6 ամիս առաջ էին տեղափոխվել Մալիշկա, փորձում էին իրենց կենցաղը կազմակերպել»,- հավելեց նա։