Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուին անազատության դատապարտելով՝ փորձում են խոչընդոտել իմպիչմենտի գործընթացը

Blog Image

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին, փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։

Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու՝ էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

- Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։

- Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։

- Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։

- Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»։

Send