ՔՊ-ական կին պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ինչու եմ շեշտում կին, որովհետև միայն անունից այնքան էլ գուցե հասկանալի չլինի՝ տվյալ պատգամավորը կի՞ն է, թե՞ տղամարդ, Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տվել զգույշ լինել։ Բայց իրականում Ալխաս Ղազարյանի գրառումը ուղղված է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա տեսնի իր «չարչարանքները», քանի որ ավելի քան վստահ եմ, որ ՀՀ առաջին նախագահը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ երկրագնդի վրա կա նման մի պատգամավոր, էլ ուր մնաց կարդա նրա խորհուրդները։
Սակայն զավեշտալի է, որ փորձելով «արագի մեջ» հաճոյանալ իր ղեկավարին՝ խեղճ աղջիկը նույնիսկ չի էլ հասկացել, թե ինչ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանը ու ինչին է ինքը հակադարձում՝ դրանով Նիկոլ Փաշինյանին դնելով ծիծաղելի վիճակի մեջ։
«Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է մի հետաքրքիր պատմական դրվագի՝ Արտավազդ արքայի խոսքին, որն ուղղված էր իր հորը՝ Արտաշես Բ-ին։ Այդ խոսքում Արտավազդը կշտամբում էր հորը՝ իրեն ավերված երկիր թողնելու համար։ Այս դրվագը հետաքրքիր է նրանով, որ իրականում Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից և Սարգսյանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսկապես ժառանգել էր ավերված մի երկիր, որն այսօր վերականգնվում ու վերակառուցվում է»,- գրել է Ալխաս Ղազարյանը։
Ախր այ Ալխաս ջան, Արտավազդը իր հորը՝ Արտաշես Բ-ին էր կշտամբում իրեն ավերված երկիր թողնելու համար, իսկ դու վերցրել ու ավիրել ես ամբողջ քաղաքական դաշտը։ Դու բոլորին խառնել ես իրար ու Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դարձրել ես Նիկոլ Փաշինյանի հայրը կամ հայրերը։ Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել։ Շուրջ 7 տարի է՝ բոլորն ապացուցում են, որ իրենք ոչ մի կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն առհասարակ իրեն տարանջատում է Հայաստանի երրորդ Հանրապետությունից, բայց դու մի գրառմամբ նրան հռչակել ես նախկին նախագահների զավակը։ Հարգելի՛ Ալխաս, Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ ոչ թե այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ժառանգություն է ստացել նախկիններից, այլ թե ինչ է թողնելու հաջորդին։ Հասկանալի է, որ դու, ավարտած լինելով ճարտարագիտական համալսարանի ոչ մետաղական և սիլիկատային դժվարահալ նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետը, գուցե և լսած չլինես Արտավազդի ու Արտաշեսի մասին, բայց հայերեն կարդալն էլ հո դժվա՞ր չի։
Իսկ թե ի՞նչ երկիր են թողել նախկինները, ու Նիկոլ Փաշինյանն ինչի է վերածել այն, կարիք չկա բացատրելը, իրոք անիմաստ է, քանի որ միևնույնն է չես ընկալելու, ոչ թե նրա համար, որ անկարող ես, այլ Նիկոլ Փաշինյանն արգելել է ընկալել ու հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ արգելել է նույնիսկ մտածել, ահա այ այսպիսի երկիր եք դուք «կառուցում»։
Հիմա ի՞նչ ես ասելու Նիկոլ Փաշինյանին։ Նախկին նախագահների առաջ արդարանալ չարժե, քանի որ, էլի եմ շեշտում, ի դժբախտություն քեզ, նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն քո գոյության մասին, բայց այ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է ու WatsApp-ով գրելու գեշ խասյաթ ունի։
Վերջում էլ Լևոն Տեր-Պետրոսյանին որ ասում ես. «Կարիճն իր թույնից է սատկում», դրանով դու չես վիրավորում նրան, այլ ի ցույց ես դնում, մեղմ ասած, քո ոչ կոռեկտ պահվածքը։ Եթե ունես քաղաքական խոսք, ուրույն մոտեցում, կրում ես հստակ գաղափարներ ու արժեհամակարգ, եթե ունես սեփական պատկերացումներ երկրի զարգացման մասին ու գտնում ես, որ նախկին նախագահները սխալվել են, ապա քննադատիր օրն ի բուն, հանդես եկ հոդվածներով ու հարցազրույցներով, դա քո սահմանադրական իրավունքն է (քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել, դու ունես իրավունքներ), բայց վիրավորել այնպիսի մարդու կամ մարդկանց, որոնց ո’չ տարիքին ես, ո’չ քաղաքական կշիռն ու կենսագրությունն ունես, ո’չ ազդեցությունն ունես, ո’չ տեղյակ ես պետականության հռչակումից ու կերտումից, ո’չ ականատես ես եղել Արցախյան շարժմանն ու պայքարին, դրանից հավատա չի ավելանա ո’չ քո կշիռը, ո’չ էլ գրագիտությունը։ Դրանով դու ընդամենը կթողնես երիտասարդ անտակտի (չեմ ասում՝ անդաստիարակի) տպավորություն։
Իհարկե, որքան մոտենում է ՔՊ համագումարը, այնքան տվյալ միավորի անդամները փորձում են առավելագույն ջանք թափել ապացուցելու համար, որ հենց իրենք են այն «քաղաքական տիտանը», որն արժանի է լինել այդ կառույցի ղեկավար մարմնում։ Բայց քանի որ տվյալ միավորի անդամների ճնշող մեծամասնությունը գաղափարազուրկ է, ապա այդ ջանքերը ուղեկցվում են ոչ թե քաղաքական խոսքով, այլ բացառապես վիրավորանքներով ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված քծնանքով ու պնակալեզությամբ։
Թարգե՛ք ժողովուրդ, դուք իրականում Նիկոլ Փաշինյանի համար գրոշի արժեք չունեք (Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վկա) ու մի վարկաբեկեք ձեզ նրան հաճոյանալու պատճառով։ Հավատացեք, մանդատն այն արժեքը չէ, հանուն որի դուք ձեր անձը փորձում ենք նույնացնել այդ մարդու հետ։ Վերջապես երիտասարդ եք, ամբողջ կյանքն առջևում է, փորձեք ապրել այնպես, որ վաղը չամաչեք ձեր այսօրվա գրառումների համար։ Նաև մի մոռացեք, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզենա, դուք կլինեք դեռևս պատգամավոր, եթե ոչ՝ ապա ձեզ չի օգնի, եթե նույնիսկ անվանափոխվեք ու անկախ սեռից՝ բոլորդ անձնագրով սկսեք կոչվել Նիկոլ։
Կարեն Կարապետյան