Տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը, Հայկ Մարությանը երկմտում է․ Մամուլը՝ սուրճով

Տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը, Հայկ Մարությանը երկմտում է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 2-ին Երեւանում կայացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը: Թե ինչու այդ մասին որեւէ լրատվամիջոցում տեղեկատվություն չի հայտնվել, պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը` Արցախի վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, շատ փոքր ու համեստ միջոցառում է արել:

Նորապսակները պսակադրվել են եկեղեցում, ապա ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում 20-30 հոգով անաղմուկ նշել են պսակադրությունը, որին ներկա է եղել միայն բարեկամների նեղ շրջանակ: Հարսնացուն հասարակ ընտանիքի աղջիկ է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն:

«Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի):

Նրանք Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Աբովյան 22 հասցեի բակում էին թաղապետի հետ՝ իբրեւ թե ստուգելու արված աշխատանքները: Իսկ ինչո՞ւ էր գործարար Արմեն Արչի-Սարդարյանը, որը հայտնի եւ հաջողակ գործարար Արմեն Գինոսյանի փեսան է, Կենտրոնի թաղապետի հետ թիկնազորի դերում շրջում: Նա շինարարական բիզնեսի մեջ է, շինթույլտվությունների խնդիր ունի, դրա համար էլ Կենտրոնի թաղապետի հետ է մշտապես եւ ՔՊ-ի համար երկու նախընտրական շտաբ է բացել Երեւանի կենտրոնում, որոնց բոլոր ֆինանսական ծախսերը անում է անձամբ: Այդ շտաբների դիմաց մշտապես խցանումներ են, թանկարժեք ավտոմեքենաները կանգնում են երկրորդ՝ չթույլատրված գծում, խախտում երթեւեկության կանոնները, բայց իրավապահները դա չեն նկատում:

Նկատենք, որ նույն Արմեն Արչի-Սարդարյանը նախկինում՝ 2018-ին, նախընտրական շտաբներ էր բացել եւ աշխատում էր Դավիթ Սանասարյանի համար, վերջինիս թանկարժեք նվերներ էր փորձում տալ: Նրա աները՝ Արմեն Գինոսյանը, որ օգնում է փեսային շտաբների ձեւավորման, ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործում, խոշոր գործարար է: Նրան է պատկանում Աբովյան-Պուշկին խաչմերուկի վրա գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, որտեղ 2018թ.-ին նշվել էր Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:

Գինոսյանին է պատկանում նաեւ «12 ակումբը», «Մոնարխ» շինարարական ընկերությունը: Գինոսյանը նաեւ զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնի թաղապետին, ապա մամուլը գրել էր. «Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Մեր տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու»:

Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, Շամշյանը հրապարակեց, որ Երեւանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող «Յասսու» ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տեսանյութ է առկա, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի տղայի գլխին:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Վաղը կլինի քարոզչության վերջին օրը: Ըստ այդմ, արդեն իսկ կարելի է որոշակի ամփոփումներ կատարել՝ կապված քաղաքական ուժերի կազմակերպած արշավի հետ: Գրեթե բոլոր 14 ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, իրենց տեսլականը՝ Երևանի կառավարման ու զարգացման հետ կապված, այդ թվում՝ որոշակի նախագծերի տեսքով: Ուշագրավ է, որ այս անգամ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ընտրողների դատին հանձնվեց միանգամից մի քանի մեգանախագիծ, ընդ որում՝ բոլորի հեղինակը «Ապրելու երկիր» կուսակցությունն է:

Ի մասնավորի, Մանե Թանդիլ յանի գլխավորած ուժը ներկայացրել է, ոչ ավել, ոչ պակաս, ութ խոշոր նախագիծ՝ ճոպանուղի, Երիտասարդական պալատի վերակառուցում, «Էրեբունի» թանգարանի վերակառուցում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով, «Երևան-բուլվարի», «Կասկադ-Մոնումենտի», Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու, Երևանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցում: Թե որքանով են իրատեսական այս նախագծերը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս ընտրությունների բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ, ըստ փորձագետների, որևէ ուժի չի հաջողվի ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն:

Ըստ այդմ, ոչ իշխանական առաջատար ուժերի միջև համագործակցության ու իշխանափոխություն իրականացնելու օրակարգ կարող է ձևավորվել, որը հիմնական ուժերը չեն բացառել: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այդ ուղղությամբ որոշակի ներքին բանակցություններ ընթանում են: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «պլան Բ» է մտածել՝ որպես հետընտրական քարոզչական հնար՝ հնարավոր պարտությունը որպես առավելություն ներկայացնելու համար, այն է՝ «մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, նույնիսկ պարտվեցինք, ինչը նախկինում հնարավոր չէր»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, եւ օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին եւ այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել:

Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, եւ առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն եւ հեռանալու: