Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ, Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը: Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։
Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռեւս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ բավականին ակտիվ է վերջին տարիներին։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաեւ Բաբայանի թիմի համար։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մարտին թուրք լրագրողներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Անկարայի և Երևանի մերձեցումը բարենպաստ ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից քաղաքական կամք է ֆիքսվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև հավելել է, որ այդ միտումը դրական արձագանքներ է ստանում հայ հասարակությունում։ Սակայն «Գելափի» վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 66 տոկոսը շատ դժգոհ է Փաշինյանի գործողություններից թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում։
Ավելին, նման տրամադրություններ ունեն նաև վարչապետին մոտ կանգնած չինովնիկները, անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում երկրի ղեկավարին՝ «կապված դավաճանական քաղաքականության հետ, որն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի բավարարմանը»։
Հեղինակները նշում են, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ է. «Ցայտուն օրինակ է Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ծրագրի ստեղծման շուրջ առաջացած իրավիճակը։ Փաշինյանը մերժել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, որի առաջարկությունն արվել է կառավարության կողմից։ Վարչապետը կտրուկ դեմ է արտահայտվել միջազգային ասպարեզում հայ ազգի շահերի և իրավունքների պաշտպանության նախաձեռնության հետ կապված։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը, հայ ռազմագերիների հարցում անգործությունը, որոնք ապօրինի գտնվում են Բաքվի բանտերում, Բաքվի նկատմամբ միջազգային դատարաններում հայցերից միակողմանի հրաժարվելը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն համաձայնություն տալը, որը ձեռնտու է Իլհամ Ալիևին և Ռեջեփ Էրդողանին, բացատրում են Նիկոլ Փաշինյանի շրջապատի բացասական արձագանքը վարչապետի գործողություններին։
Անձնական շահերից ելնելով՝ ՀՀ վարչապետը շարունակում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում թուրք-ադրբեջանական լոբբիի ընդլայնման ուղղությամբ։ Այս ֆոնին նկատելի է Փաշինյանի հաշվարկը թիմի ձևավորման հարցում, որոնք զբաղված են լինելու հայ հասարակության շրջանում ոչ պոպուլյար թեզիսների առաջ մղման աշխատանքներում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։
Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որը հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։
Հավելենք, որ իրավապաշտպան շրջանակները եւս չեն ընդունում այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթում «կարգավիճակ ունենալու» փաստը չափազանց անհստակ է եւ իրավաբանորեն դժվար ապացուցելի։ Ավելին՝ գործող Սահմանադրությունը երաշխավորում է անձի խոսքի ազատությունն ու իրավունքը՝ չինքնամեղադրվելու, ինչի խախտումը կարող է դառնալ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Եթե անձը որեւէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին։ Նման նորմ չի կարող օրենք դառնալ՝ առանց հակասահմանադրական բնույթ ձեռք բերելու։
Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական շրջանակներում եւս ընկալվում է որպես խիստ հակասական։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նույնիսկ իշխանական կուլիսներում լուրջ վերապահումներ կան, եւ օրենսդրական փաթեթը դժվար թե հասնի Ազգային ժողով՝ առանց էական փոփոխությունների»։
«Հրապարակը» գրում է․
Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները:
Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը: Մյուս բոլորին ասվել է` աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք` ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք:
Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում: