Որ Աբազյանից հետ չմնա․ ինչո՞ւ են Արգիշտի Քյարամյանի համար թանկարժեք ամենագնաց ձեռք բերել

Որ Աբազյանից հետ չմնա․ ինչո՞ւ են Արգիշտի Քյարամյանի համար թանկարժեք ամենագնաց ձեռք բերել

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար պետության հաշվին 125 հազար դոլարով (դա մոտ 49 մլն դրամ է կազմում) նոր ծառայողական մեքենա են գնել՝ Toyota Land Cruiser 300 ամենագնաց։ Սա ճապոնական Toyota-ի մոդելային շարքի ֆլագմանն է՝ ամենամեծ, ամենահզոր և ամենաշքեղ մոդելը, որ այս պահին առաջարկվում է երևանյան սալոնում։

Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շարունակում են պետական պաշտոնյաների համար ծառայողական շքեղ մեքենաներ գնել։

Հարցի մյուս կողմն այն է, թե ինչու են որոշել Քննչական կոմիտեի նախագահի համար ձեռք բերել նման շքեղ ու թանկարժեք մեքենա։ Այս հարցի պատասխանը մենք ունենք, իհարկե, կամ կարող ենք կռահել, օրինակ՝ Քյարամյանը չի ուզում հետ մնալ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից, որի համար ևս անցյալ տարի հենց այսպիսի Toyota Land Cruiser 300 էին ձեռք բերել։ Ու Քյարամյանը երևի որոշել է, որ ինչո՞վ է պակաս Աբազյանից, որ նա պիտի նման շքեղ ամենագնացով շրջի, իսկ ինքը՝ արդեն հնամաշ համարվող ու Hyundai Genesis բիզնես դասի ոչ թանկարժեք սեդանով (Քյարամյանին հենց այսպիսի մեքենա էր սպասրակում մինչև վերջերս)։

Քյարամյանի այսօրինակ ամբիցիան կարող է միանգամայն արդարացված լինել, հատկապես այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը, տարածքներից բացի, սովորության համաձայն, նաև ԱԱԾ-ի ամենակարևոր օղակներից մեկը՝ քննչական վարչությունն էլ է հանձնել Արգիշտի Քյարամյանի կառույցին։ Եւ հիմա Քննչական կոմիտեն դարձել է մոնստր իրավապահ կառույց՝ ԱԱԾ-ի թուլանալու հաշվին։ Հետևաբար, ՔԿ նախագահն ավելի շատ առիթ ունի շքեղ և աժդահա ամենագնացով տպավորություն գործելու երթևեկության մեջ և հանդիպումների գնալիս, քան, ասենք, ԱԱԾ տնօրենը։

Բայց մեր երևակայությանը շատ զոռ չտալու համար MediaHub-ը որոշեց այս հարցի պատասխանը ստանալ հենց Քննչական կոմիտեից, թե ինչո՞վ է հիմնավորվում Արգիշտի Քյարամյանի համար նման հզոր ու թանկարժեք ամենագնացի ձեռք բերումը։

Քննչական կոմիտեից այսպես են հիմնավորել նման թանկարժեք գնումը․ «Ավտոմեքենան նախատեսվում է կիրառել որպես պետական մարմնի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին սպասարկող ավտոմեքենա՝ նկատի ունենալով, որ Կոմիտեի նախագահին ներկա պահին սպասարկում է 2012թ․ արտադրության (օգտակար ծառայության ժամկետը լրացած և հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից ոչ նպատակահարմար համարվող)  Hyundai Genesis 3.8 մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև Քննչական կոմիտեի նախագահի գործունեության և տեղաշարժի անվտանգության առանձնահատկություններից բխող պահանջները։ Ավտոմեքենայի ձեռբերման մրցույթում հաղթող է ճանաչվել «Տոյոտա Երևան»  ՍՊԸ-ն»։

Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը մինչև հիմա խիստ վտանգավոր փոխադրամիջոցով էր երթևեկում, և Hyundai Genesis-ի մեջ ՔԿ նախագահի կյանքին ու առողջությանը վտանգ էր սպառնում, իսկ, ահա, Toyota Land Cruiser-ի հետևի նստելատեղին նա ավելի ապահով և անվտանգ կզգա իրեն։ Այս հիմնավորումը տրամաբանական կթվար, եթե նախ՝ ՔԿ նախագահը մինչ այժմ հասարակ մի սեդանով երթևեկած չլիներ, և այս նոր մեքենան էլ զրահապատ լիներ։ Ու եթե ՔԿ նախագահը այնպիսի բաներ է իրեն թույլ տվել, որ մեր երկրում կան իրեն սպանելու ցանկություն ունեցողներ, ապա ուզում է կես միլիոն դոլարանոց Rolls Royce Cullinan-ով երթևեկի, դա իրեն չի փրկի, եթե մեքենան զրահապատ չէ։

Հիշեցնենք, քրեական հեղինակություն համարվող Ֆազ մականվամբ Սերգեյ Գրիգորյանին հենց այսպիսի Toyota Land Cruiser-ի մեջ սպանեցին՝ Opel Astra-ով դիմացը կտրելով և ավտոմատով կրակահերթ արձակելով մեքենայի վրա։ Այնպես որ, Քյարամյանի անվտանգության համար բերված հիմնավորումը, մեղմ ասած, հիմնավոր չէ, այս մեքենայով ՔԿ նախագահը ընդամենը կարող է մայրաքաղաքի փոսերի վրայով մի քիչ ավելի ապահով անցնել։

Ի դեպ, եթե Արգիշտի Քյարամյանը մտածում է, որ ինքը Արմեն Աբազյանից պակաս տղա չէ, հետևաբար ինչո՞ւ պիտի Աբազյանը Toyota-ի շքեղ ամենագնացով երթևեկի, իսկ ինքը՝ ոչ, ապա Նիկոլ Փաշինյանի կինը այս հարցում երկուսին էլ գերազանցում է։ Հիշեցնենք, Աննա Հակոբյանի համար անցյալ տարի պետբյուջեից մոտ 150 հազար դոլար վճարեցին և Lexus LX 500 շքեղ ամենագնացը ձեռք բերեցին, որը նույն Աբազյանի ու Քյարամյանի համար ձեռք բերված Toyota Land Cruiser 300-ի՝ ավելի թանկարժեք ու լյուքս տարբերակն է։ Այնպես որ, Քյարամյանը համեմատվելուց կարող է համարձակություն ցուցաբերել և միանգամից Աննա Հակոբյանի հետ համեմատվել։

Վահե Մակարյան