«Դոմուսի» տերերը օրենքի խախտումով շենք էին քանդել ու տուգանվել․ ինչո՞ւ տեսչականը ժամանակին չի ստուգել «Դոմուսը»

«Դոմուսի» տերերը օրենքի խախտումով շենք էին քանդել ու տուգանվել․ ինչո՞ւ տեսչականը ժամանակին չի ստուգել «Դոմուսը»

Սեպտեմբերի 11-ին Երևանի Զեյթուն վարչական շրջանի Պարույս Սևակ փողոցում պայթեցման եղանակով բարձրահարկ շենք քանդվեց։ Քանի որ քանդման ընթացքում չէին պահպանվել անվտանգության կանոնները, պայթեցման ժամանակ շուրջբոլորը պատվեց փոշով ու ծխով, ինչը հարուցել էր տարածքի բնակիչների զայրույթը։

Քանդման աշխատանքներ իրականացնողը «Կամ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն էր, որը դիմել էր քաղաքապետարանին, որ այդ շենքը քանդի, քաղաքապետարանը տվել էր քանդման թույլտվությունը, բայց ոչ՝ պայթեցման եղանակով։ Այսինքն՝ տվյալ ընկերությունը օրենքի խախտմամբ և առանց համապատասխան թույլտվության է քանդել այդ շենքը՝ վնաս պատճառելով շրջակա միջավայրին։ 

Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին ասացին, որ «Կամ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թւոյլտվության տվյալ շենքը պայթեցնելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 750 հազարից 1.5 մլն դրամի չափով։ 

Ինչո՞ւ հիշեցինք այս թեման մեկ ամիս անց։ Որովհետև այն անուղղակի կերպով կապ ունի երկու օր առաջ Իսակովի պողոտայի «Դոմուսի» հրդեհի հետ։ MediaHub-ին ասացին, որ «Կամ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն ուղիղ կապ ունի «Դոմուսի» տերերի՝ «Դեկորա գրուպ» ընկերության հիմնադիր Արմեն Մուրադյանի հետ։ Այլ կերպ ասած՝ Մուրադյանը նաև շինարարությամբ է զբաղվում և «Կամ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի միջոցով բնակելի շենքեր է կառուցում, Պարույր Սևակի փողոցում անօրինական կերպով, առանց համապատասխան թույլտվության քանդած շենքի տեղը նոր շենք է ուզում կառուցել։ 

Իսկ ի՞նչ կապ ունի այդ շենքը «Դոմուսի» հրդեհի հետ։ Առաջին հայացքից՝ ոչ մի կապ, բայց երբ խորանում ես տնտեսվարողի՝ հասարակական անվտանգության վերաբերյալ նրա պատասխանատվության չափի և մոտեցումների մեջ, հասկանում ես, որ ինչպես շենքն է առանց համապատասխան թույլտվության քանդել՝ հաշվի չառնելով դրա հետևանքները շրջակա միջավայրի և տարածքի բնակիչների վրա, այնպես էլ «Դոմուսի» անվտանգությունն է ապահովել։ Քանի որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևան քաղաքի ղեկավար Հրաչյա Օհանյանը հրդեհի օրը MediaHub-ի հետ զրույցում միամտաբար խոստովանեց՝ «Դոմուսը» ավարտական ակտ չի ունեցել և իրենց չի էլ դիմել անվտանգության հարցում։ 

«Նորմատիվները, որ պահպանված լինեին, էս վիճակը չէր լինի, ավարտական ակտ չուներ շենքը, մեզ մոտ չէր անցել, մեզ չեն դիմել, որ անցած լիներ, որ ասեինք՝ անցե՞լ ա, թե՞ չի անցել, բայց մեզ չեն դիմել»,-մեզ հետ զրույցում ասել էր Հրաչյա Օհանյանը։

Նկատենք, որ հրդեհը առաջին րոպեներին փորձել են իրենց ուժերով հանգցնել «Դոմուսի» աշխատակիցները, սակայն չի հաջողվել, և որոշ ժամանակ անց միայն ահազանգել են Փրկարար ծառայություն, և մինչ փրկարարները ժամանել են, արդեն կրակը ամբողջ շենքով մեկ տարածված է եղել։ Մենք տեղեկացանք, որ փրկարարները չորս հատ օգտագործված կրակմարիչ են հայտնաբերել ներսում, բայց դրանք, փաստացի, որևէ օգուտ չեն տվել։ Եւ եթե շենքը պատշաճ հակահրդեհային համակարգ ունենար, ապա հնարավոր կլիներ հրդեհի արագ տարածումը կանխել կամ գոնե այդ չափի ահռելի վնասից կխուսափեին։

Բարեբախտաբար, որևէ անձ չի տուժել այս հրդեհից, սակայն տնտեսվարողը հսկայական վնաս է կրել՝ մոտ 1 մլրդ դրամի, ինչն իսկապես ցավալի է։ Բայց այստեղ առավել կարևոր է, առհասարակ, տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտներում անվտանգության տարրական նորմերին հետևելն ու հասարակական անվտանգության նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Եւ եթե «Դոմուսի» ղեկավարությունը բավարար պատասխանատվություն ցուցաբերեին թե՛ իրենց աշխատակիցների, թե՛ հասարակության անվտանգության նկատմամբ, և՛ Պարույր Սևակ փողոցի շենքը օրենքի խախտմամբ ու այդպես վտանգավոր և անփույթ եղանակով չէին քանդի, և՛ գուցե խուսափեին «Դոմուսի» հրդեհից։

Այստեղ, բնականաբար, մեծ անելիք ունի նաև վերը նշված տեսչական մարմինը, որը այս իշխանությունների ձեռքին ավելի շատ պատժիչ ջոկատի է վերածվել և ստուգումների գնում է հիմնականում այն օբյեկտներ, որոնց տերերը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն։ Մինչդեռ, Հայաստանում գրեթե չկա այդպիսի հասարակական նշանակության օբյեկտ կամ շենք-շինություն, որ անվտանգության նորմերի խախտում չունենա կամ տեսչականը ուզենա և չկարողանա դրանցում որևէ խախտում հայտնաբերել։

Վստահաբար, եթե «Դոմուսում» էլ ժամանակին ստուգումներ իրականացրած լինեին, գուցե հայտնաբերած լինեին այդ ենթադրյալ խախտումները։ Բայց դրա համար նախ պետք էր, որ «Դոմուսի» հիմնադիրը ունենար ոչ թե ընդգծված պրոիշխանական հայացքներ և մուծվեր Նիկոլ Փաշինյանի ու իր տիկնոջ հիմնադրամներին, այլ աչքի ընկներ ընդդիմադիր քաղաքական հայացքներով։ Այդ ժամանակ հաստատ ՔՏՀԱ տեսչական մարմինը ոչ թե կսպասեր այս տարվա վերջին եռամսյակում «Դոմուս» մտնելուն, այլ վաղուց մտած, խախտումներն արձանագրած ու մի բան էլ «Դոմուսը» կապարակնքած կլիներ։

Վահե Մակարյան