MAN բեռնատարը Ուրցալանջ գյուղի տարածքում գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

MAN բեռնատարը Ուրցալանջ գյուղի տարածքում գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում MAN մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «ՄիաՇին» ՍՊԸ-ի հաշվեկշռում։