Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու․ ՔՊ-ական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը չկա։ Այդ հարցն, ըստ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի՝ նախապայման է, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմաններ չեն դնելու։ 

«Երբ մենք հարաբերությունները Թուրքիայի հետ կվերականգնենք, կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերը լուծումներ կստանան»,֊ ասում է նա։ 

«Հարաբերությունների կարգավորման ճանապարհին, եւ դրանից հետո, ոչ մի պայման Թուրքիայի առջեւ չենք դնելու, նման քննարկում իրենց հետ հիմա չենք ունենալու»,-ավելացնում է Խաչատրյանը։ 

Պատգամավորն ասում է՝ իշխող ուժի խնդիրն է, որ Թուրքիայի ժողովուրդն իր իշխանությունից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա, դրա համար պետք է հարաբերություններ, շփում հաստատվի հայերի եւ թուրքերի միջեւ։ 

«Այնպես չի, որ աշխարհը նստած սպասում է նրան, թե մենք ինչ ենք պահանջում։ Պահանջը պիտի լինի քո հոգում պահած պահանջ, որ դու կյանքի կոչես: Եվ ի՞նչ է փոխվել, որ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեզ կոչ են անում գնալ երկխոսության։ Պետք է թուրքական հասարակությունը իր երկրից պահանջի ճանաչել ցեղասպանությունը, իսկ որպեսզի հասարակությունը պահանջի, հայերն ու թուրքերը պիտի շփվեն, ճանաչեն միմյանց, մենք պիտի էդ պատը քանդենք, երկու հասարակությունները իրար լավ չեն ճանաչում»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լիա Սարգսյան