Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընկերությանը

Կառավարությունն այսօր ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերությանը։
Համապատասխան նախագիծն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։
Նախագծում նշված է․ բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
Նկատենք, որ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ն հայկական խոշորագույն պողպատաձուլական ընկերություն է, որը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին և նրա հորը՝ Միշա Հարությունյանին, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներից է։ Մ․ Հարությունյանը նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար և նախկին պատգամավոր, վերջերս Հայոց Համազգային Միասություն կուսակցությունը հիմնած Միհրան Պողոսյանի քեռին է։
Վահե Մակարյան