Հրադադար` նոր պատերազմի սպասումով. ի՞նչ տրամադրություններ են Իսրայելում և Գազայում

15 ամիս տևած հակամարտությունից հետո հունվարի 15-ին աշխարհը վերջապես ստացավ որոշների համար սպասված, որոշների դեպքում՝ հիասթափեցնող լուրը. Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն ձեռք բերվեց Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։
ԱՄՆ-ի աջակցությամբ, ամիսներ տևած բանակցություններից հետո Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքը վերածվել էր եռացող կաթսայի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել էին հրեական կիբուցների վրա, ինչի հետևանքով սպանվել էր մոտ 1200 իսրայելցի: Ըստ պաղեստինյան կողմի՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 46 հազարը:
Այսպիսով, անդրադառնալով բուն համաձայնագրին, մանրամասնենք, որ այն նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և պատանդների ազատ արձակում պաղեստինցի գերիների դիմաց՝ փուլ առ փուլ:
Սակայն պարզվեց՝ ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ «ՀԱՄԱՍ» խմբավորումը փորձում է վերջին պահին վերանայել հրադադարի շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մի քանի դրույթներ:
««ՀԱՄԱՍ»-ը խախտում է պայմանավորվածությունները և վերջին պահին ճգնաժամ է ստեղծում», - հայտարարեց Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ հավելելով, որ այդ պատճառով Իսրայելի նախարարների կաբինետը հետաձգել է հունվարի16-ին նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պետք է հաստատվեր նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նշվեց, որ Իսրայելի կառավարությունը նիստերի օր չի նշանակի, քանի դեռ միջնորդները չեն հայտարարել, որ «ՀԱՄԱՍ»-ը հաստատել է համաձայնագրի բոլոր դետալները:
Հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ գործընթացներ են մեկնարկել ու ի՞նչն է հանգեցրել տարակարծությունների, MediaHub-ը կապ հաստատեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ:
«Կա համաձայնագիր, որի բոլոր կետերը գրված են և Իսրայելի կառավարությունը պետք է հաստատեր այն, այնուհետև փոխանցվեր Ազգային ժողով: Բայց նիստը չկայացավ, քանի որ «ՀԱՄԱՍ»-ը կրկին փորձել է ինչ-որ բան փոխել պաղեստինյան գերիների հարցի հետ կապված, այդ իսկ պատճառով իսրայելական կողմը հայտարարեց, որ մինչև այդ խոչընդոտները չվերացվեն, մենք չենք հաստատի: Սա մի կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:
Մյուս կողմից, Ցինկերի պնդմամբ, կան տարաձայնություններ և տարակարծություն Կոալիցիայի և Կառավարության միջև:
«Մի կողմից կոալիցիան համարում է, որ այս գործարքը, այսպես ասած, «լավը չէ» և մեծ խնդիրների հիմք կդառնա Իսրայելի համար, և այդ պատճառով կոչ են անում վարչապետին չստորագրել այն, այլ գալ պայմանավորվածության, շարունակել ռազմական գործողությունները և հասնել «ՀԱՄԱՍ»-ի վերջնական ոչնչացմանը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը (պաշտոնապես նրանց թիվը 98 է – խմբ.)»,- ասաց նա: Ի դեպ, նշենք, որ ըստ համաձայնության՝ առաջին փուլով վերադարձվելու են միայն 33-ը:
Ցինկերը կարծում է, որ Կառավարությունը կարող է ազդել որոշման վրա, քանի որ այնտեղ կա մեծամասնություն: Եվ նշեց՝ սա այդքան էլ վատ միտք չէ.
«Այն իրավիճակը, որում գտնվում է Իսրայելը, ռազմագերիները, որոնք արդեն 14 ամիս գտնվում են գետնափոր թունելներում և որոնց մեծ մասն արդեն մահացել է, այս ամենը հաշվի առնելով պետք է գնալ գործարքի: Բայց սա այն դեպքն է, որ երկու չարիքից պետք է ընտրել համեմատաբար փոքրը»,- վստահ է մեր զրուցակիցը:
Տարաձայնությունների մեկ այլ հարց էլ այն է, որ եթե այսօր Իսրայելը հետ քաշի զորքերը Եգիպտոսի հետ սահմանից և կիսատ թողնի սկսածը, ապա «ՀԱՄԱՍ»-ը կրկին կդիրքավորվի, կվերականգնի ուժերը, Ֆիլադելֆիական միջանցքում (Եգիպտոսի հետ սահման) կսկսվի զենքի վաճառքը… և ժամանակի ընթացքում «ՀԱՄԱՍԱ»-ը կվերադառնա նախկին ուժին: Բացի այդ, բոլոր հարցումները, որոնք անցկացվում են Գազայի հատվածում, ցույց են տալիս, որ գրեթե բոլորը, ովքեր մասնակցում էին հրադադարի հաստատման համար կազմակերպված ցույցերին, աջակցում են «ՀԱՄԱՍ»-ին, այսինքն նրանք պոտենցիալ կարող են համալրել «ՀԱՄԱՍ»-ի շարքերն ապագայում: Այս պնդումներն են պատճառը, որ Իսրայելի կառավարության աջ ներկայացուցիչները դեմ են:
«Ստացվում է՝ իզուր էին այդ զոհերը, այս ամիսների պայքարը, քանի որ վերջնական արդյունքում ամեն բան կվերադառնա իր տեղը, այսինքն «ՀԱՄԱՍ»-ը կհավաքի ուժերը և գուցե նորից սկսվի պատերազմ: Այդ պատճառով, քանի սկսել ենք, պետք է հասցնենք հանգուցալուծման»,- հավելեց քաղաքագետը:
Եվս մեկ տեսակետ էլ, որ պետք է հաշվի առնել, ռազմագերիների ընտանիքների կարծիքն է: Այս կապակցությամբ Ցինկերը նշեց.
«Կարող ենք այս կերպ բնութագրել. մարդիկ, ովքեր սպասում են «ավտոբուսի», և մարդիկ, ովքեր արդեն նստել են: Այսինքն՝ նրանք, որոնց հարազատների անուններն արդեն իսկ կան այդ 33-ի մեջ, բնականաբար կողմ են համաձայնագրրին: Իսկ նրանք, որոնց հարազատները չկան ցուցակներում, պայքարում են, որպեսզի վերադարձվեն բոլորը հենց առաջին փուլով: Այս է իրավիճակը. մի մասը կողմ է դադարեցմանը, մյուսը հակված է, որ պետք է շարունակվեն ճնշումները և գործը հասցվի ավարտին»:
Ինչ վերաբերվւմ է համացանցում տարածված կադրերին, որոնցում ներկայացվում է, որ Իսրայելը շարունակում է ավիահարվածները, ապա հիշեցնենք, որ հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միայն սույն թվականի հունվարի 19-ին, ժամը 12:15 (իսրայելական ժամանակով), և այդ է պատճառը, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են:
Լրացում: Իսրայելի կառավարության ուժային բլոկը հավաք կհրավիրի ՝ հաստատելու Իսրայելի ու «Համաս»-ի միջև հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնությունը: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնում է՝ ողջ կազմով հավաք հնարավոր է միայն շաբաթ երեկոյան։ Այդ պատճառով հրադադարի պայմանավորվածությունը տեղափոխվում է մինչև հունվարի 20-ի կեսօր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին:
Ռեբեկա Հովհաննիսյան