Որքան կբարձրանա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերը

Այս պահի դրությամբ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներն են, որ չեն օգտվում հավելավճար ասվածից, մյուս բոլոր մարմինների դեպքում, ըստ մեր տեղեկատվության, բոլորն օգտվում են։

Այս մասին ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով օրենքի նախագիծ էր ներկայացնում երկորդ ընթերցմամբ։

Սարգսյանն առաջարկում է կառավարության կողմից հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին առաջարկվում է վճարել հավելավճար հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար 2 %-ի չափով։

«Ընդ որում, պետք է նշեմ, որ մեծ գումարների մասին չէ խոսքը, Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների հաշվառմամբ շուրջ 6 հազար դրամի չափով կլինի հավելավճարը»,-ասաց Սարգսյանը։

Օրենսդրական այս կարգավորումը ուժի մեջ է պետք է մտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Արդյոք այս հավելավճարի առկայությունն անարդարություն չի դիտվի մյուս մարմինների աշխատակիցների նկատմամբ հարցին նախարարի տեղակալը պատասխանեց․

«Նույն համադրությամբ, որ նայում ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն և քննչական կոմիտեն բովանդակային առումով նույն խնդիրն են սպասարկում, բայց ունեն աշխատավարձային անհամաչափություն, իսկ ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ապա շուրջ 1 մլն դրամ է կազմում նրա վարձատրությունը»,- ամփոփեց Արփինե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: