Արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում, ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել․ Մամուլը՝ սուրճով

Արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում, ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են։ Բանն այն է, որ արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը բնակություն են հաստատել ընդիմադիրներին պատկանող կամ նրանց հետ կապ ունեցող անձանց հյուրանոցներում կամ նրանց կողմից առաջարկված բնակության վայրերում։

Արդյունքում քաղաքական իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմությունը, արցախցիներին տեղավորելով իրենց կողմից հատկացված վայրերում, հետագայում այս փաստը կշահարկի իշխանության դեմ։

Ասել է թե՝ իշխանության ներսում սպասում են բողոքի ալիքի երկրորդ փուլի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել:

Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակը, արցախահայերի տարհանման հետ կապված հարցերը, հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հիմնականում երկարաշունչ ելույթներ է ունեցել Փաշինյանը, իսկ ՔՊ-ականները լուռ լսել են նրան ու գլխով արել:

Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես իրեն է բնորոշ, էլի նոր մեղավորներ է նշանակել. ըստ նրա՝ Արցախում ստեղծված աղետալի վիճակի մեղավորները ռուսներն են, Արցախի իշխանությունները եւ հայաստանյան ընդդիմությունը, մի խոսքով, բոլորը, բացի իրենից: ՔՊ-ականների օրակարգում եղել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր. ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնագաղթել էր արդեն 68 հազար 386 անձ՝ Արցախի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրից Արցախում հայ չի մնա։

Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Արցախից մեզ հայտնում են, որ եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, ապա Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է։

Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։

Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։

Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են»:

«Հրապարակ» թերթը գրում է․

 «Արցախի Հանրապետության պետական կառույցները 2024 թ․ հունվարի 1-ից կդադարեն գոյություն ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ երեկ ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման եւ հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր։ «ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Արցախից տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 1-ը բոլոր գերատեսչությունները փաստացի գոյություն կունենան, իհարկե, բնականոն աշխատանք չի ծավալվի՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ բնակչության կեսից ավելին արդեն բռնի տեղահանվել է Հայաստան։ Իսկ հրամանագրով հունվարի 1-ն է ամրագրվել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները գոնե մի երեք ամիս աշխատավարձ ստանան։

Ի դեպ, երեկ ՀՀ իշխանական շրջանակները նողկալի հրապարակումներ էին անում, թե ինչու է հունվարի 1-ը նշվել հրամանագրում, իբրեւ թե Արցախի իշխանությունը սրանով որոշել է հարամել մարդկանց Նոր տարին, որ մարդիկ ասեն՝ այս մի տոնն էլ Նիկոլ Փաշինյանը սգի վերածեց»: