Փողոցում լինելով` հասկացանք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք․ Արթուր Վանեցյան

Ամենադժվար բանը մարդկանց հետ խոսելն է, նրանց բացատրելը, որ իրենք իրապես մոլորվել են։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ վերջին քսանչորս ժամերին շփվել է հազարավոր մարդկանց հետ։

«Մարդիկ գալիս, հարցեր են տալիս, և պատասխաններ ստանալուց հետո հասկանում են, որ իրենք մոլորության մեջ են։ Եվ մեր` փողոցում գտնվելը այդ խնդիրն է լուծում»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ խզվել էր քաղաքացու հետ կապը, և հիմա ինքը փորձում է այդ կապը վերականգնել։

«Կան մարդիկ, որ ամաչելով գալիս, ասում են, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդիկ չեն կարողանում ընդունել, որ իրենք սխալվել են։ Այդ մարդիկ սխալվել են, ոչինչ, բոլորս էլ կարող ենք սխալվել, կարևորը ճիշտ պահին կանգ առնելն է»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նա նկատեց՝ փողոցում լինելով` հասկացել է՝ իրենք ճիշտ ուղու վրա են։