Եթե դիվանագետները չաշխատեն, ապա թնդանոթները կկրակեն․ Գևորգ Պապոյան

Մենք խաղաղության պայմանագրին միշտ պետք ա գնանք, մենք չենք կարող մեր օրակարգը փոխել ու խաղաղության օրակարգից վերադառնալ պատերազմի օրակարգին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Սա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք բոլոր այն պայմաններով, որոնք մեզ առաջարկվել են։ Պատերազմի ավարտից հետո էլ խոսվել է այս մասին, Ադրբեջանն իր առաջարկներն է ուղարկել, հետո մենք պատասխանեցինք, այսպես 6-7 ռաունդ անցել է։ Եթե մենք ամեն ինչին համաձայնեինք, ամեն ինչ լավ լիներ, ինչի՞ էինք 3 տարի բանակցում»,- ասաց Պապոյանը։

Հարցին՝ արդյո՞ք Ալիևը ուզում է բանակցությունները փակուղի տանել, պատգամավորը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա։

«Քանի բանակցելու հնարավորություն կա, չեմ կարծում, որ փակուղի կգնա։ Ակնհայտ է, որ այն լավատեսությունը, որը կարող էր լինել, ինձ մոտ չկա և սա Ալիևի հռետորաբանության փոփոխության արդյունքում է եղել։ Ես կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել՝ բնականաբար կարմիր գծերը պահելով»,- նշեց պատգամավորը։

Խոսելով էսկալացիայի վտանգի մասին՝ Պապոյանը  նշեց, որ զգոնությունը երբեք պետք չէ թուլացնել: Ըստ նրա՝ դիվանագետները պետք է միշտ աշխատեն, հակառակ դեպքում թնդանոթները կկրակեն։

Մանրամասները՝ տեսանյութում