Կառավարության այսօրվա նիստում կվավերացվի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկելու է վավերացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
Նախագծի երկրորդ կետով առաջարկվում է Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: 2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչև 2022թ. ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորություն։
2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու Կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:
Վահե Մակարյան