Վարչապետի գլխավոր խորհրդականը՝ դեսպան, Ինչի վրա է հույս դրել ՔՊ-ն․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել, որի համար պետական բյուջեից «Էլիքս» ընկերությանը վճարվել է 2 մլն 290 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ համակարգը, ըստ էության, կայք է, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն ԱԺ-ի վերաբերյալ իրենց կարծիքները։
Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցեւ գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, եւ սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի:
Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթեւոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել:Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետեւ գործուղվել էր կառավարություն:
2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում:Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթեւոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը եւ ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում:Հիշեցնենք՝ երբ Մաթեւոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը:
Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, եւ մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից:Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեւանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչեւ դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլեւ ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ: Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց` Նիկոլ Փաշինյանն առանց հսկայական թիկնազորի փողոց դուրս չի գալիս եւ Երեւանի քարոզարշավին իր մասնակցությունն իրականացնում է փակ հանդիպումների, դպրոցներ այցելելու, անգամ մարզային շրջագայությունների տեսքով:
Մյուսներն էլ խնդիրներ ունեն` նախօրեին բակերից մեկում Ալեն Սիմոնյանի վրա բարձրահարկից ջուր են լցրել: Տիգրան Ավինյանին ավելի չեզոք են ընդունում երեւանցիները, բայց նրան մենակ թողնելն էլ աչք է ծակում` որտե՞ղ է հսկայական իշխող կուսակցությունը: Այնպես որ, ՔՊ-ի հույսը մնացել են նման ընդունելություններն ու խոստումները, որ ուղիղ հանդիպումների, թաղեթաղ շրջելու բացը դրանով լրացնեն:
«Իրավունք» թերթը գրում է.
«Որքան մոտենում է Երեւանի ավագանու ընտրության օրը, այնքան տեղի են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նյարդերը: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, եթե ի սկզբանե կար վստահություն, որ Ավինյանը հավաքելու է 50+1 տոկոս ձայն, ապա երեւանցիների հետ շփումները բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Ուստի` թիմում օր օրի անհանգստություններն ավելանում են: Դրանով պայմանավորված` վերջին օրերին իշխանությունը հնարավոր բոլոր անթույլատրելի միջոցներով փորձում է ձայներ կորզել երեւանցիներից: Նրանք նաեւ գործի են դրել գրպանային քաղաքական ուժերի ռեսուրսները, որոնք ճիշտ պահին կա՛մ պետք է հայտնեն Ավինյանին սատարելու մասին, կա՛մ ընդհանրապես դուրս գան ընտրապայքարից:
Սրանով պայմանավորված` ոգեւորություն կա մերձիշխանական քաղաքական ուժերի շրջանում, որոնք փորձում են իշխանությունից «քերել» հնարավորինս ավելին` իրենց աջակցության դիմաց»: