Քաշաթաղը, Կարմիր գյուղը, Մարտակերտը. Արցախը… այսուհետ նյութերի տեսքով՝ Հայաստանի ազգային արխիվում

Արցախի հայաթափումը լրջագույն խնդիրներ իր հետ բերեց ոչ միայն արցախահայության համար, որը ստիպված լքեց ողջ ունեցվածքն ու կյանքի հիշողությունները, այլև ամբողջ հայության համար, որովհետև բոլորիս է հայտնի Ադրբեջանի նենգությունը՝ ջնջել հայկական հետքը, հայի գոյության մասին ցանկացած հիշատակում Արցախում:
Դեռ 90-ականներից սկսած մենք ականատեսն ենք եղել այդ գործելաոճին, որը սրվեց հատկապես 2020 թվականի արյունալի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանը ջնջում էր հայի հետքը. եկեղեցիներ, վանքեր հավասարվեցին հողին, գերեզմանները պղծվեցին ու վերածվեցին ադրբեջանցուն բնորոշ ամենաստոր դրսևորումների թատերաբեմի:
Եվ ահա՝ 2023 թվական, սև սեպտեմբեր. Արցախը հայաթափվեց, հայը մնաց առանց Արցախի, Արցախը՝ առանց հայի, թշնամու տիրապետության տակ: Հուսանք՝ ժամանակավոր, հավատանք՝ հայը մի օր անպայման կվերադառնա: Բայց ի՞նչ է տեղի ունենում մինչ այդ, արդյո՞ք արխիվները պահպանվել են, որոնք լուռ վկաներն են նրա, որ հարյուրամյակներով ու տասնամյակներով հայը ապրել է այդ հողում:
MediaHub-ը դիմել էր «Հայաստանի ազգային արխիվ»` հետաքրքրվելով, թե 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Արցախի արխիվից հնարավոր եղե՞լ է նյութեր տեղափոխել Հայաստան ու պահպանել դրանք Հայասատանի ազգային արխիվում։
Ի պատասխան մեր հարցմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝ Արցախի վերաբերյալ պահպանվում են փաստաթղթեր, սակայն 2023թ. Արցախի հայաթափումից հետո արխիվային ոչ մի փաստաթուղթ Արցախի արխիվի կողմից Հայաստանի ազգային արխիվ չի հանձնվել:
Նրանք ներկայացրին, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ պահպանության են հանձնվել Քաշաթաղի տարածքային արխիվում գտնվող թղթե հիմքով արխիվային գործերը, որոնք ՀՀ են տեղափոխվել մինչև 2023թ. սեպտեմբերյան դեպքերը:
Բացի այս, Արցախի Արխիվի աշխատակիցներից մեկի կողմից կրիչով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ է հանձնվել նաև Լեռնային Ղարաբաղի արխիվում պահպանվող որոշ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, որոնք կներկայացնենք ստորև։
««Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում թղթե հիմքով փաստաթղթերի պլանային թվայնացման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև Արցախից տեղափոխված արժեքավոր փաստաթղթերի թվայնացումը»,- ասված է MediaHub-ի հարցմանն ի պատասխան ստացված գրության մեջ:
Որպես օրինակ ներկայացնենք, թե Հայաստանի ազգային արխիվում Արցախին վերաբերող ինչ նյութեր են պահվում: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումները, Ստեփանակերտի բուժօգնության անձնական հաշիվները, տարբեր գյուղերի և համայնքների տնտեսական մատյաններ, որոնց թվում են՝ Դաշբուլաղ գյուղական խորհրդի Բադարա գյուղի մատյանները (1945-47թթ.), ինչպես նաև Բալուջա, Մեկտիշեն, Ջամիլլու գյուղերի մատյանները (1925թ., 1935-1939թթ., 1971-77թթ.)։ Մուշկապատ գյուղական խորհրդի գործկոմի տնտեսական մատյանները (1925-1931թթ.):
Կարմիր գյուղի մատյանները՝ 1925-63 թթ.:
Պահպանվել են նաև ԼՂՀ արխիվային գործի վարչության անձնական կազմի հրամանները, Մարտակերտի շրջանի վարչակազմի արձանագրությունները։
Հանձնվել են նաև մեկական պատմա-վավերագրական գրքեր, որոնց թվում են՝ Էդվարդ Լալայանի «Գանձակ, Վարանդա», Արտո Սարգսյանի «Ներքին Հորաթաղ», Մովսես Առաքելյանի «Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին», Արշավիր Գալստյանի «Հաղթանակ, Նորագյուղի մասին», Հրանտ Աբրահամյանի «Քերթ», Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» գրքերը։
Այս նյութերի քանակը, որ պահվում են Հայաստանի ազգային արխիվում և Արցախի մասին են, 2767-ն է...
Վիկա Աբգարյան