Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, Ձկնորսների եւ պարեկների գործով նոր որոշում է կայացվել. Մամուլը՝ սուրճով

Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, Ձկնորսների եւ պարեկների գործով նոր որոշում է կայացվել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, նրա հայաստանյան գործունեության հարցում խորհրդարանական խմբակցությունում տարբեր կարծիքներ կան։ 2 օր առաջ Արցախի ԱԺ փակ նիստում Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանը խմբակցությունից դուրս  գալու որոշում է կայացրել, որը հաստատել է Արցախի ԱԺ-ն: Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով եւս Բաբայանի կուսակցությունից, նույնպես մի կողմ է քաշվել։

Նշենք, որ Արցախի ԱԺ նիստը փակ է եղել, որը գաղտնի են պահել։ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո սա երկրորդ նիստն է, ԱՀ պատգամավորները թերեւս տեղի են տվել ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ շանտաժին, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանմամբ կհարվածեք ՀՀ անվտանգությանը, եւ որոշել են ծածուկ նիստեր անել, որ շահարկումների տեղիք չտան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները: Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է» եղել կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էին, հանգանակություններ էին արել «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը եւ այլ հետաքրքիր դեմքեր։

Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը դրամահավաքի ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւիկ Հակոբյանը։ Որտեղից այս պաշտոնյաներին այդքան գումար՝ դժվար չէ կռահել, բայց թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիան մերժող» թիմը ընդունել նրանցից կասկածելի ծագման շռայլությունները, միանգամայն անհասկանալի է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել:  

Անցած տարեվերջին ՔՊ-ն որոշեց համայնքային իշխանությունը խլել նաեւ Գյումրիում` կոալիցիան լուծարեցին, փոխքաղաքապետներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին։ Գյումրու  կառավարումն ամբողջությամբ մնաց «Բալասանյան դաշինքին», որի առաջ պայման են դրել` հրաժարվել եւ իրենց փոխանցել իշխանությունը Գյումրիում:

Միսակ Բալասանյանը, մեր տեղեկություններով, մտերիմներին ասել է, որ իշխանությունն իր առաջ պայման է դրել` «կա՛մ դեսպանի պաշտոնը, կա՛մ Գյումրին», ինքն ընտրել է Գյումրին եւ վերադարձել Հայաստան: Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է «ե՛ւ դեսպանի պաշտոնը, ե՛ւ Գյումրին» խլել Բալասանյաններից: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս ԱԺ-ում ամբիոնից ընթերցում էր, թե ինչեր է արել կառավարությունը Գյումրիում` որքան գումար է տրամադրել: Բայց Բալասանյանների թիմը հույսը չի կտրում, որ համաձայնության կգա Փաշինյանի հետ:

Մեզ ասացին, որ այս օրերին քաղաքապետարանը քրտնաջան աշխատում է, որ իր աշխատանքից դժգոհելու որեւէ առիթ կենտրոնական իշխանությունը չունենա` քաղաքի մայթերից հեռացնում են չթույլատրված տաղավարները, թափով շարունակում են անավարտ ծրագրերը եւ այլն։ Բայց թերագնահատում են այս իշխանություններին` կարծելով, թե նրանց լավ աշխատանքն է հետաքրքրում: Ոչ` նրանց հետաքրքրում է, որ ասպարեզից հեռացնեն Գյումրիում ձայներ ունեցող ուժին` Բալասանյաններին, որ առաջիկա ընտրություններում նրա հետ համաձայնության գնալու անհրաժեշտություն չլինի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել Նորատուսում ձկնորսների եւ պարեկների գործը մարզից տեղափոխել Երեւան եւ այն քննել մայրաքաղաքի դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Նորատուսի հայտնի ձկնորսների գործով փոխել է մեղադրյալ Ալիկ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Ավելին՝ դատարանը բավարարել է նաեւ պաշտպանի միջնորդությունը, եւ վարույթը կուղարկվի քննվելու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

2023թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացրել Սեւանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց եւ նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա եւ վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս դեպքով ընդամենը մեկ անձ էր կալանավորվել, որի խափանման միջոցը փոխվեց, եւ գործը տեղափոխվեց Երեւան»։