«Հրապարակը» գրում է․ Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:
Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։
Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված` Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ եւ քաղաքացիներին աչքալուսանք տվեց` շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետեւության է հանգել։ Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոռոգման ջրի սղություն կա, սակայն Կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, չի խոստովանում դա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել էր. «Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.
1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների։
2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ, եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության»:
Ըստ Փաշինյանի՝ այս հարցերը չունեն որեւէ վիճակագրություն։
Եկեք միասին հասկանանք՝ ջրի վերաբերյալ առհասարակ ինչ կարեւոր տվյալներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դրանք իմանալու համար դիմել է ՀՀ ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ քանի՞ խորանարդ մետր ոռոգման ջրային պաշար կա: Խնդրել էինք նշել, թե քանի՞ խորանարդ մետր խմելու ջրային պաշար կա հանրապետությունում, եւ պահանջել էինք տվյալները տրամադրել բացարձակ թվերով, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, թե ոռոգման ջրային պաշարի քանի խորանարդն է կորչում մինչեւ արտ հասնելը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացանք. «ՀՀ-ում բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան ընդհանուր առմամբ կարող է ձեւավորվել շուրջ 7.2 մլրդ մետր խորանարդ մակերեւութային հոսք, որից 1.2 մլրդ մետր խորանարդ ջրային ռեսուրս հնարավոր է ամբարել 80 ջրամբարներում, իսկ ոռոգման նպատակով շահագործվող ջրամբարներում կարող է կուտակվել մոտ 1.02 մլրդ մետր խորանարդ (օգտակար ծավալ՝ 940 մլն մետր խորանարդ), ոռոգման նպատակով ջրառն իրականացվում է նաեւ այլ ջրամբարներից»,- ասված է հարցման պատասխանում։
Նիկոլ Փաշինյանը խոսում էր ջուրը խնայելուց, էկոլոգիական բարեփոխումներից, սակայն խմելու ջրի պաշարի ծավալի մասին հարցադրումները Կառավարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս են։ Նման պատասխան փոխանցել են Ջրային կոմիտեից։ Կոմիտեից խուսափել են հստակ թվերով ասել, թե ոռոգման ջրի որքան կորուստ ունի Հայաստանը, սակայն ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին»։
Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ, ու այս բնական ռեսուրսի ահռելի կորուստը Փաշինյանին, կարծես թե, չի հետաքրքրում, քանի որ նա, հայտարարագրումից զատ, այս հարցով եթեր չի մտնում ու չի ասում, թե ովքեր են ջրի դեւերը, որ նստել են մեր ջրի ակունքներին եւ չեն թողնում, որ այն ամբողջությամբ հասնի սպառողին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առանց այդ էլ պարզ էր, որ Փաշինյանն ու իր ՔՊ իշխանություններն անհանգիստ են, իսկ վերջին օրերին արդեն բոլորը բացեիբաց տեսան, որ նրանք լրջորեն վախեցած են, եթե ավելին չասվի: Փաշինյանն ու նրա քպականները երևի այն աստիճան են կտրվել իրականությունից, որ չէին պատկերացնում, թե ինչ կարգի բացասական հույզեր են հարուցում նույնիսկ միայն էկրաններին երևալով, էլ չասած՝ հարկային տեռորի, կտրուկ թանկացող ուղեվարձի, մի խոսքով՝ ժողովրդի «կաշին քերթելուն» նպատակաուղղված նրանց որոշումներով:
Տեսեք. եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ իրապես համընդհանուր դժգոհությունը նկատելով ու իբր թե «լավություն» անելով՝ էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ «պլոկելը» չեղարկեցին: Կամ՝ իրենց իսկ առաջարկած 300 դրամ ուղեվարձը կիսով չափ իջեցրին՝ դարձնելով 150, չնայած դա էլ ինքնին թանկացում է:
Ժողովրդական բառուբանով ասած՝ Փաշինյանը հապշտապ «զադնի է դնում», զուգահեռաբար՝ ձգտում է թեմաներն իրենով անել, այսինքն՝ «մեդիաբեռը» ամբողջությամբ նորից իր վրա է վերցնում, չնայած իրականում դա էլ աշխատում է կամ ազդեցություն է գործում բացառապես «իր մասսայի» վրա, որը արդեն այնքան էլ «մասսա» չէ, այլ երկրաչափական պրոգրեսիայով նվազող մի խումբ:
Իմիջիայլոց նշենք, որ GALLUP -ի հերթական հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել միայն 11,3 տոկոսը։ Սա բառի բուն իմաստով ռեկորդային ցածր ցուցանիշ է նախկին բոլոր հարցումների համեմատ ու չափազանց խոսուն է թե՛ իրական պատկերի, թե՛ «զադնի դնելու» բուն պատճառների առումով:
Այսինքն, այստեղ Փաշինյանի իշխանության հիմնասյուն համարվող «լրահոսային ներկայությունն» ապահովելու (մեդիա դաշտում մնալու) մղումից զատ, գործ ունենք նաև գիտակցման հետ, որ նշված ու նաև չնշված խնդիրները ծանրորեն ոտքներին են գցել և տակից դուրս չեն գալու:
Ամենից կարևորը՝ նրանք արդեն տեսնում են, որ լուրջ բունտ է հասունանում: Ըստ որում, արդեն կարևոր չէ, թե հասարակության համատարած դժգոհության ու խռովության համար հարցերից որ մեկն է կատալիզատորը: Փաշինյանը գուցե հասկանում է, որ ժողովրդի համբերության բոլոր տարաները պռնկեպռունկ լցված են, ինչից էլ գալիս է նրա սուտ «զիջողականությունը»:
Առաջիկայում շատ հնարավոր է, որ Փաշինյանն էլի ինչ-որ «զիջումների» գնա: Հավանական է՝ այլ փոփոխություններ էլ լինեն, որոնք արդեն խմբաքանակով կարող են չեղարկել զանազան հակասոցիալական որոշումներ: Բայց դրանք կլինեն միայն «փիառային», աչքփակոցու համար, և ոչ մի իրական քայլ չեն անի՝ ձեռքները ժողովրդի վաղուց ծակ գրպանից հանելու համար»: