ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել

ԱՄՆ-ը Կատարի միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ է ներկայացրել՝ փորձելով ազատել ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդրին և վերսկսել հրադադարի բանակցությունները Գազայում, հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների:

Աղբյուրները նշել են, որ առաջարկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա հայտարարությամբ՝ կոչ անելով հանգստություն պահպանել Գազայում և վերսկսել բանակցությունները մշտական ​​հրադադարի շուրջ՝ Ալեքսանդրին ազատ արձակելու դիմաց:

Հայտնի չէ, թե ՀԱՄԱՍ-ը կընդունի՞ այս առաջարկը։ «Դեռ համաձայնություն չկա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ նոր առաջարկը «ավելի շատ գաղափար է, որը լիովին պարզ կամ մշակված չէ»:

Մինչդեռ արաբ դիվանագետը, խոսելով «The Times of Israel»-ի հետ, կասկած է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի ազատ արձակել Ալեքսանդրին միայն Թրամփի հայտարարության պատճառով։

Նրա կարծիքով՝ պաղեստինյան շարժումը կպահանջի ավելի առարկայական բան։

Կատարից և Եգիպտոսից միջնորդները հինգշաբթի երեկոյան Դոհայում հանդիպել են ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի վերջին առաջարկը, ասել է արաբ դիվանագետը:

Թե Իսրայելն ինչպես կարձագանքի դրան, նույնպես պարզ չէ:

Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել իր անվտանգության ղեկավարների և գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու այդ հարցը։

Axios-ը հայտնել է, որ Եգիպտոսը մի քանի օր առաջ Կահիրեում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ՝ քննարկելու մեկ այլ առաջարկ՝ փորձելով շարունակել բանակցությունները:

Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ առաջարկը շատ նման է Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի կողմից նախկինում ներկայացված առաջարկին, սակայն ՀԱՄԱՍ-ը չի ընդունել այն:

Եգիպտացիները սպառնացել են արտաքսել ՀԱՄԱՍ-ի նախկին բանտարկյալներին, որոնք Իսրայելի կողմից ազատ են արձակվել Գազայի հրադադարի շրջանակներում և այդ ժամանակից ի վեր պահվում են Կահիրեում, եթե խմբավորումը չհամաձայնի ազատ արձակել ավելի շատ պատանդների:

Հաղորդվում է, որ Գազայից դուրս ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պատրաստ էին ընդունել Եգիպտոսի առաջարկը, սակայն Գազայում շարժման ռազմական առաջնորդ Մուհամմեդ Սինվարը մերժել է այն: