Բնակարանային ապահովում՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, Սպիտակի վթարայինների բնակիչներին

2023 թվականին բնակարանային ապահովում ծրագրի շրջանակում նախատեսվում է 3 մլրդ 835 մլն 81 հազար դրամ տրամադրել, որը 2022-ի համեմատ ավել է մոտ 391.4 %-ով։ Այս մասին Աժ-ում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսպիսով, 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի համար 2023 թվականի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։
2022 թվականի հոկտեմբեր ամսին կառավարությունը լավարկել է գործող որոշումը, ըստ որի՝ եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն։
«Ձեռք բերման դեպքում կտրամադրվի մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, իսկ տոկոսադրույքների մարման համար մինչև 13 %»,-ասաց նախարարը։
Նարեկ Մկրտչյանը նշում է, որ բնակարանային ապահովում ծրագրի շրջանակում իրականացվելու է թվով 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված աջակցման աշխատանքներ, այդ թվում ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգի զոհված, մահացած առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների, անօթևան և բնակարանային բարելավման կարիք ունեցող թվով 65 ընտանիքների և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող թվով 100 զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքներին։
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում թվով 36 ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրի շրջանակում բնակարաններ կհատկացվի վթարային բնակարանների փոխարեն։
Մանրամասները՝ տեսանյութում։