Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է

Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է

2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը։ Այս մասին գրում է monumentwatch.org կայքը։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թանգարանի  սրահներում ցուցադրվող ստեղծագործությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է անհայտ։

Կարող ենք փաստել նաև, որ Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է, իսկ ստեղծագործությունների ճակատագիրը նույնպես մնում է անհայտ։ Այդ մասին անդրադարձ էր եղել դեռ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարների շնորհիվ, որին անդրադարձել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը)։

Ադրբեջանի կողմից տեղահանվել է  Շուշիի կերպարվեսի պետական թանգարանի ողջ հավաքածուն, ինչպես ցուցասրահներից, այնպես էլ  թանգարանի մերձակայքից։ Թանգարանի ներքին բակում գտնվող կոթողային քանդակների պուրակը հիմնահատակ վերացվել է և, ելնելով տեսանյութից, մուտքի երկու կողմերում գտնվող երկու քանդակները նույնպես տեղում չեն։ Գեղարվեստական, մշակութային  և պատմական արժեք ներկայացնող հարուստ հավաքածուի ներկայիս վիճակն ու վայրը մնում է անհայտ և տագնապալի։