Պետական պարտքը նախնական տվյալներով կլինի 48,4% մակարդակի վրա․ նախարար

Պետական պարտքը նախնական տվյալներով կլինի 48,4% մակարդակի վրա․ նախարար

2023 թվականին հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են գրանցել, ՀՆԱ-հարկային եկամուտներ ցուցանիշն անցյալ տարի կազմել է 24,1%։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պետական պարտքը, նախնական տվյալներով, կլինի 48,4% մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից։

«Պետական պարտքի կառավարման հետ կապված կարող եմ ասել՝ ուրախալի է, որ ոչ ռեզիդենտների և ոչ բանկ-ներդրողների կշիռը բարելավվում է։ Սա նշանակում է, որ Հայաստանը դառնում է հետաքրքիր՝ ինստիտուցիոնալ միջազգային ներդրողների համար»,- նկատեց նախարարը։

Ըստ նրա ՝ 2023-ին ծրագրավորված 1 միլիարդ դրամի փոխարեն հատկացվել են 3,7 միլիարդ դրամի բյուջետային աջակցության դրամաշնորհներ։ Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եղել են շատ մոտ ճշտված ծրագրին՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ։ 

«Նախնական ծրագրով բյուջեն եղել է 2 տրիլիոն 203 միլիարդ դրամ, որը տարվա ընթացքում հարկային եկամուտների գերակատարման և տնտեսության արագ աճի պայմաններում փոփոխության է ենթարկվել»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։