Փաշինյանական «դեմոկրատիա»․ լրագրողների մուտքն արգելված է

Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 10:00-ից ԱԺ-ում է․ քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Մինչ գործադիրի անդամները օրենսդիրների հետ ԱԺ 334 սենյակում քննարկում են իրականացնում, լրագրողներն անվտանգության աշխատակիցների հետ բանակցություններ են վարում, որպեսզի կարողանան մոտենալ այդ սենյակին։
Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված և օրենսդիրի աշխատանքները երկար տարիներ լուսաբանած լրագրողները փաստում են՝ Ազգային ժողովում լրագրողներին պատմության մեջ առաջին անգամ է նման դեպք պատահում, որ նրանց ներս չթողնեն 334 դահլիճ, որտեղ հանձնաժողովների նիստերն են անցկացվում:
ԱԺ լրատվական բաժնից MediaHub.am-ի հետ զրույցում ասացին, որ սա առաջին դեպքը չէ, անցած տարի էլ է բյուջեի քննարկումը նույն ձևով եղել։
«Սենյակի տարածքը փոքր է, շարժի հնարավորություն չկա։ Ու քանի որ լրագրողները, միևնույն է, չեն կարողանալու հարց հնչեցնել, որոշվել է գոնե օպերատորներին ներս թողնել, որ նրանք կարողանան կադրեր անել։ Ընդամենը տարածքի փոքրության հարց է»,- նշեցին ԱԺ լրատվականից։
Նարե Գնունի