Այսօր երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ

Այսօր երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Հայաստանյաց եկեղեցիներում, որի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։
Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկան, ձվի և յուղի համտեսմամբ։
Պատարագի ավարտին հավատացյալները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները։ Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։
Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին: