Ջերմուկի դիրքերում անմահացել է Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը

Ջերմուկի դիրքերում անմահացել է Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը

Պատերազմի օրերին զինվորների համար ոգևորիչ ու հուսադրող էր, երբ իրենց կողքին էին կամավորականները, որոնց շարքերում էր նաև Մանվել Միքայելի Խաչատրյանը (Ճուտ)։ Նրա համար հայրենիքն ամեն բանից վեր էր, թե ընտանիքից և թե սեփական կյանքից։

Դուստրը՝ Ռուզաննան, Bavnews.am-ին պատմել է, որ շատ բաներ կան, որ իր շրջապատից է լսել հոր մասին, որովհետև ինքը միշտ լուռ էր, տանը չէր սիրում խոսել։

«Անասելի հպարտությունա, ու գիտեք ինչի՞, մենակ իրա ձենը, որ լսեիք, կհասկանայիք դուխը որնա։

Ես հիմա եմ հասկանում թե ոնց են բոլորը մի մարդու պես ենթարկվել հորս հրամաններին։ Շատ բաներ կան, որ ես իր շրջապատից եմ լսում, որովհետև ինքը միշտ լուռ էր, տանը չէր սիրում խոսել իր գործերից, ծառայությունից, ու ես հիմա եմ հասկանում իր լռության մեջ ինչեր էր թաքնված:

Հայրս իսկական ՀԱՅՐենիք էր, իսկական ազգի նվիրյալ, ոնց ծառնա սնվում հողից ու փարթամանում, էնպես էլ հայրս իր հայրենի հողը պաշտպանելիս։

Ու էսքանից հետո մի բան կարող եմ ավելացնել ես մի բան եմ հասկացել, որ մարդուն չես կարող ՀԱՅՐԵՆԱՍԵՐ դարձնել, մարդն ինքն իր էությամբ էդպես ծնվում ա, իսկ իմ հայրը հենց այդ առաքելությամբ էլ ծնվել էր, իր էդ մարտական ու հայրենասիրական ոգին սահմաններ չուներ…»:

Պատերազմից հետո իր ջոկատով մասնակցել է եռամսյա հավաքներին, Կապանի տարածքում իրականացրել մարտական հերթապահություն։ Այս տարվա ապրիլի 1-ից Ջերմուկի դիրքերում եռամսյա հերթափոխի էր իր ջոկատով։

Մանվել Միքայելի Խաչատրյանը (Ճուտ) զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկի պաշտպանության մարտերում։

Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի և մոտ 2 տասնյակ կառավարական, գերատեսչական և այլ մեդալների։