«Մելիքսեթն ուղղակի զnհ է». Բաքուն շինծու դատավարությանը հարցաքննել է ռազմագերի Մելիքսեթ Փաշայանին

«Մելիքսեթն ուղղակի զnհ է». Բաքուն շինծու դատավարությանը հարցաքննել է ռազմագերի Մելիքսեթ Փաշայանին

Այսօր Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների շինծու դատավարության 20-րդ դատական նիստը։ Դատախազները հարցաքննել են Մելիքսեթ Փաշայանին, լսել նրա վկայությունները: 

Ըստ Ադրբեջանի պրոիշխանական լրատվամիջոցների՝ մեղադրյալ Փաշայանը, պատասխանելով պետական դատախազների հարցերին, «ընդունել է», որ ապօրինի զինվորական ծառայություն է անցկացրել «հայերի կողմից օկուպացված տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում»: Նա հայտնել է, որ 1993 թվականին միացել է Ասկերանի գնդին և մինչև  1994-ը` հրադադարից առաջ՝ մարտական դիրքերում է եղել։

«Մելիքսեթը մեր գումարտակում է ծառայել ու մեր լավ կռվող տղաներից մեկն է եղել։ Իրականում նա սխալ բան չի ասել։ Եվ եթե նույնիսկ ինչ որ բան մեր սրտով չլինի, պետք է գիտակցենք, որ նա և մյուս մեր ռազմագերիները գտնվում են թշնամի երկրում, և ամեն միտք արտահայտվում է մեծ ճնշումների ուղեկցությամբ։ Մելիքսեթն ուղղակի զոհ է այս դեպքում։ Նրան դատապարտում են իբրև թե Աղդամում ռազմական հանցագործություն իրականացնելու համար։ Ի՞նչ անեինք այդ ժամանակ մենք, երբ պատերազմը սկսել է Ադրբեջանը, մենք էլ ազատագրել ենք Աղդամն ու մյուս ադրբեջանական բնակավայրերը։ Նստեինք, սպասեինք, թե ե՞րբ են հասնելու մեր տներին: Աստված օգնական Մելիքսեթին ու մեր մյուս ռազմագերիներին»,- MediaHub-ին ասաց Ասկերանի գնդի ազատամարտիկ Ալյոշա Սաֆարյանը։ 

Փաշայանը Բաքվի դատարանում ասել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ծառայել է 31-րդ գումարտակում՝ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ: 

Բաքուն թեժ է պահում ականապատ տարածքների թեման։ Օրերս էլ դժգոհություն են հայտնել, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի ընդամենը 25%-անոց քարտեզը։ Այժմ արդեն ռազմագերիների ցուցմունքներից են կառչել։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ պատասխանելով դատախազների հարցերին, Փաշայանը պատմել է, թե, իբր, «հայ զինվորականներն ականապատում էին մարտական դիրքերի մոտ գտնվող տարածքները»։ 

MediaHub-ը կապ հաստատեց նաև Մելիքսեթ Փաշայանի ընտանիքի հետ։ Նրա դուստրը՝ Զարինեն պատմեց, որ ապրիլի 9-ին են խոսել հոր հետ։

«Մենք դատավարության ընթացքի ու ավարտի մասին հարցեր չենք տալիս։ Ինքը մեզանից է հարցնում, մենք իր առողջական վիճակից ու տրամադրությունից։ Ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դատավարության ավարտին և հույսներս չենք կորցնում, որ հայրս տուն կվերադառնա։ Թե ե՞րբ, չգիտենք»,- ասաց Զարինեն։

Հունան Թադևոսյան