Լուկաշենկոն կմեկնաբանի, բայց դժվար թե նույն զգացմունքային երանգով. դա հիստերիայի էր նման․ հայացք Մինսկից
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում բարձր հայտարարություն արեց: «Ես այլևս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երևանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ կարող է փոխվել, եթե Բելառուսը դուրս գա կազմակերպությունից, կամ եթե նրա նախագահը ներողություն խնդրի։ ՀԱՊԿ-ի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, սատարել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը, սրանից հետո ես Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձևաչափով հարցեր քննարկե՞մ»,- ասել էր Փաշինյանը:
Նա նաև ավելացրել է, որ ՀՀ որևէ պաշտոնյա ևս Մինսկ չի մեկնի:
Արդյո՞ք այս հայտարարությամբ Փաշինյանը դիվանագիտական պատերազմ հայտարարեց Բելառուսին և ի՞նչ սպասել Լուկաշենկոյից․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց բելառուսցի քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտի հետ:
«Չեմ կարծում, որ սա կարելի է անվանել պատերազմի հայտարարում։ Սա ավելի շուտ տեղեկատվական դեմարշ է Հայաստանի վարչապետի կողմից։ Դե, պարզ է, թե ինչու, որովհետև նա կրկին փորձում է պատասխանատվությունն իր վրայից բոլորի վրա բարդել, այն փաստից, որ իր օրոք Հայաստանը պարտվեց Ղարաբաղի համար պատերազմում»,-ասաց Ձերմանտը։
Նա նշեց, որ Բելառուսը նախորդ տարիներին բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առաջարկելով հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ։
Մինչ այս էլ, հիշեցրեց նա, Ալեքսանդր Լուկաշենկոն այս առաջարկները հնչեցրել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ասելով, որ Ադրբեջանը պատրաստ է 1.000.000.000 դոլար վճարել անգամ ոչ ամբողջ Արցախի վերադարձի համար, այլ այն շրջանների, որոնք նախկինում պատկանում էին Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Այսինքն՝ Բելառուսը, մեր զրուցակցի պնդմամբ, ինչպես և Ռուսաստանը, խաղաղապահ ջանքեր է գործադրել պատերազմը կանխելու համար։
«Բայց ոչ ոք բելառուսական կողմին չի պարտավորեցրել հոգ տանել անվտանգության մասին, պատրաստել իր բանակը, ի վերջո ճանաչել Արցախը։ Ի վերջո, Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եվ հիմա երկար տարիների անհաջողությունները Բելառուսի վրա տեղափոխելու ջանքերը պարզապես ծիծաղելի են թվում, քանի որ իրականում ոչ ոք չի միջամտել, օրինակ, զենք գնելուն, պատերազմին պատրաստվելուն և այլն: Այսինքն՝ նա փչեց այդ փուչիկը, պարտվեց պատերազմում և այժմ մեղավորներ է փնտրում ոչ թե մեջ կամ իր շրջապատում, կամ ոչ թե այն ընթացքով, որով գնաց Հայաստանը, այլ իր դաշնակիցների և գործընկերների մեջ»,-նշեց բելառուսցի քաղաքագետը։
Փաշինյանի անվերջ հայտարարություններին էլ, թե ՀՀ-ն պատրաստ է ՀԱՊԿ-ից դուրս գալ այսօր, վաղը կամ մեկ տարուց, Ձերմանտը նշեց․ «ՀԱՊԿ-ում քիչ թե շատ խելամիտ դիրքորոշման փոխարեն, իմ կարծիքով, նա պատրաստվում է խզել հարաբերությունները, և ոչ միայն Բելառուսի հետ։ Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցվեն։ Տնտեսությունն անկում կապրի, ռուսական բազան կհեռացվի, ո՞վ է պահպանելու ատոմակայանը: Այսինքն՝ Հայաստանին այս դեպքում աղետ է սպասվում»։
«Ուստի ավելի լավ է ավելի զուսպ լինել և այս զայրացած հայտարարությունների փոխարեն ուղղակի իսկապես աշխատել անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Բայց ոչ թե Արևմուտքի հետ, որը, ինչպես միշտ, խաբելու է, այլ հենց իր ավանդական գործընկերների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի. միայն դա կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունն ու հետագա բարգավաճումը»,- վստահություն հայտնեց նա։
Հաշվի առնելով այն, որ Բելառուսը և Ռուսաաստանը Միութենական պետության մաս են կազմում, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում, ինչպես և Հայաստանը, անդամակցությամբ են կապված, արդյո՞ք Մոսկվան ևս գնահատական կտա այս հայտարարությանը: Ձերմանտը վստահ է՝ իհարկե։
«Անշուշտ, գնահատական կլինի, քանի որ այդ ամենը տեղի է ունենում ընդհանուր համատեքստում. մենք բոլորս փոխկապակցված ենք, մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք։ Ուստի, միմյանց դեմ հարձակումները, իհարկե, աննկատ չեն մնա Մոսկվայում։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ դա ինչ-որ հիստերիայի է նման, մեկը մյուսի հետևից հայտարարություններ են հնչում Փաշինյանից, ըստ երեւույթին՝ նա իրեն անապահով է զգում։ Ըստ ամենայնի, Հայաստանում բողոքի շարժումն աճում է, և նա փորձում է համախմբել իր կողմնակիցներին»,- նշեց Ձերմանտը։
Իսկ ինչ վերաբերում է հենց Բելառուսի նախագահի արձագանքին, մեր զրուցակիցը նշեց, որ Լուկաշենկոն ևս կմեկնաբանի, բայց ոչ այդքան հուզական, ինչպես Փաշինյանի հայտարարությունն էր։
«Դե, նախագահը, հավանաբար, ինչ-որ կերպ կմեկնաբանի սա, բայց դժվար թե նույն զգացմունքային երանգով, ինչ արեց Փաշինյանը»,- եզրափակեց Ձերմանտը։
Մարիաննա Արամյան