Միանշանակ պնդում եմ, որ Փաշինյանը դավաճան է, դա քաղաքական գնահատական է․ Վանեցյան

Ես մինչ օրս էլ շարունակում եմ պայքարել մեր երկիրը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը ավելի անվտանգ դարձնելու համար։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։շ

Նրա խոսքով՝ մեր երկրի գործող իշխանությունը ձախողել է ամեն ինչ ու բոլոր ոլորտներում։

«Ի՞նչ արեցինք մենք։ Մեր ձեռքբերումներից մեկը, որ մենք կարողացանք հասնել, այն է, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց որևէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ։ Եթե դա չլիներ, ապա ՀՀ սուվերեն տարածքները, որ Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված են, ստորագրված հանձնվելու էին Ադրբեջանին։ Մենք հասանք նրան, որ ՀՀ ղեկավարը չի ստորագրում մի փաստաթուղթ, որով ՀՀ տարածքներ հանձնում է թշնամուն»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ զավեշտալի հայտարարություն է արել, համաձայն որի՝ մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի ԽՍՀ տարածքները, և այդ սահմաններով սահմանագծում ու սահմանազատում իրականացնել։

«Հիմա հարց․ եթե ինքն ասում է ԽՍՀՄ տարածքներ, պարզ է դառնում, որ Արցախը տալիս է Ադրբեջանին։ Իսկ ադրբեջանական «անկլավները», դրանք է՞լ է տալու։ Տիգրանակերտն է՞լ է հանձնելու»,- հարց հնչեցրեց Արթուր Վանեցյանը, ապա հավելեց, որ չի կասկածում, որ Փաշինյանը կանի դա։

Բայց և այնպես, նշեց նա, հասարակության շրջանում տրամադրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ չի կարող որևէ բան ստորագրել։

«Ուստի Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր պլանը՝ ուղղակի առանց ստորագրության։ Առանց փաստաթղթի իրականացվում է դելիմիտացիա ու դեմարկացիա։ Վերջին օրինակը եղավ Տեղ գյուղում։ Ի՞նչ պատահեց, ադրբեջանական զինված ուժերը եկան, զբաղեցրին ՀՀ տարածքներ։ Այդ ո՞նց եկան»,- հարց հնչեցրեց Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, որ Հանրայինի եթերում ՔՊ-ականները նշեցին, որ այդ հարցում թերացել են, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ այս իշխանություններն իրենց հանցագործություններն անում են եթերներով, այսինքն՝ իրենց հանցագործությունների ապացույցներն էլ են միանգամից եթերով հանձնում իրավապահներին։

«Այս մարդիկ ձախողել են, պարտության անիվն իրենց օրոք շարունակում է պտտվել»,- նկատեց նա։

Դիտարկմանը, որ այս ամենում մարդիկ նաև ընդդիմությանը, իրեն են մեղադրում, հատկապես հայտարարության համար, որ Փաշինյանը դավաճան է, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ իր կարծիքը շարունակում է նույնը մնալ։

«Իմ հայտարարություններում բան չի փոխվել։ Միանշանակ պնդում եմ, որ Փաշինյանը դավաճան է, դա քաղաքական գնահատական է, և վստահ եմ, որ քննություն լինի, այդ բոլոր ասվածները հաստատվելու են։ Այսօր դատում են մարդկանց, բոլորին՝ ես եմ մեղավոր, դու ես մեղավոր, բոլոր հայ տղամարդիկ են մեղավոր, դասալիքներ կան, «հինգերորդ շարասյուն կա»։ Բա լավ, դուք ի՞նչ արեցիք։ Բա դուք ո՞վ էիք, դուք էիք որոշողը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։