Իսկապե՞ս նախարարը շփոթել էր․ դեռ մրցույթը չեղած՝ Գալյանն արդեն իր թեկնածուն ունի

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երեկ կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում անդրադառնալով MediaHub-ի հարցին՝ կապված կադրային փոփոխությունների ու, մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքը համալրելու հետ, ասել էր, թե մրցույթն արդեն տեղի է ունեցել, ունեն հաղթող, բայց դեռ նշանակում չկա։ Ավելի ուշ մենք պարզեցինք, որ Գալյանը մի բան շփոթել է ու ճիշտ չի ասում, քանզի մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթը դեռ չի անցկացվել, այն պետք է տեղի ունենա հունվարին, և որ նախարարը, փաստացի, սխալ տվյալ է ասում։
Նախարարությունից հաստատեցին, որ ԱՆ աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթը դեռ տեղի չի ունեցել։ Նախարարությունից խոստովանեցին, որ նախարարը շփոթել է հաստիքները, քանզի մրցույթ, իրականում, անցկացվել է, բայց ոչ թե բուն նախարարության, այլ նախարարությանը ենթակա Պրոբացիոն ծառայության աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքի համար, և արդեն կա հաղթող թեկնածու։ Բայց քանի որ դեռ Պրոբացիոն ծառայության պետն էլ նշանակված չէ, աշխատակազմի ղեկավար էլ չեն նշանակում, մինչև նոր պետը կլինի։ Իսկ, ահա, բուն նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը պետք է անցկացվի 2025 թվականի հունվարի 13-ին։
Մենք տեղեկացանք, որ մրցույթի մասնակիցների դիմումներն արդեն ընդունվել են, կա 12 թեկնածու, և նրանց մեջ նախարար Սրբուհի Գալյանն արդեն իր ֆավորիտ թեկնածուն ունի, որի համար միջնորդել է արդարադատության նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը։ Խոսքը Էդգար Հովսեփյանի մասին է, որը Բադասյանի՝ արդարադատության նախարար եղած շրջանում ԱՆ գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետն էր, իսկ երբ Բադասյանը տեղափոխվել է ՊԵԿ, Հովսեփյանին իր հետ տարել է արդեն ՊԵԿ՝ դարձյալ նույնանման պաշտոնի։ Հիմա, երբ Բադասյանն այլևս ՊԵԿ-ում չէ, ուզում են նորից Էդգար Հովսեփյանին բերել արդարդատության նախարարություն՝ արդեն որպես աշխատակազմի ղեկավար։ Ու երեկ Սրբուհի Գալյանի կողմից այդ «շփոթմունքը», հնարավոր է, այդքան էլ շփոթմունք չի եղել։
Նախարարը, հավանաբար, ենթագիտակցաբար ու միամտաբար ճիշտն է ասել, որ աշխատակազմի ղեկավարի մրցույթն արդեն անցկացվել է, հաղթողը կա, բայց դեռ նշանակում չկա։ Դժվար թե նախարարը տեղյակ չլիներ այդ պարզ կարգավորումից, որ մրցույթը կայանալուց հետո եռօրյա ժամկետում պետք է նշանակումը լիներ, և չի բացառվում՝ Գալյանն ուղղակի նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնում մտքում իր ֆավորիտ թեկնածուին է նշանակել արդեն, և երեկ այդ մասին միամիտ խոստովանեց՝ դեռ մրցույթը չկայացած։
Ի դեպ, մեզ ասացին, որ նախարարությունում արդեն բոլորն են խոսում, որ Էդգար Հովսեփյանն է լինելու իրենց աշխատակազմի ղեկավարը, ասացին նաև՝ Հովսեփյանն արդեն գնում-գալիս է շենք, կարելի է ասել՝ նախապատրաստվում է նոր պաշտոնին։
Նշենք նաև, որ Հովսեփյանի մասին բացասական չարտահայտվեցին նախարարության աշխատակիցները, ասացին՝ խելացի, պատրաստված տղա է, բայց լավ չէ, որ նախարարն արդեն կողմնակալ վերաբերմունք ունի և ուզում է իրեն անպայման նշանակել այս պաշտոնին, չնայած, որ այս հաստիքին նշանակվում են մրցույթով։
Վահե Մակարյան