Թուրքական դատարանն արդարացրել է տնտեսական կայունության խաթարման փորձի մեջ մեղադրվող Bloomberg-ի լրագրողների

Թուրքական դատարանն արդարացրել է տնտեսական կայունության խաթարման փորձի մեջ մեղադրվող Bloomberg-ի լրագրողների

Թուրքական դատարանն ուրբաթ արդարացրել է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության երկու լրագրողի, ովքեր մեղադրվում էին 2018 թվականին Թուրքիայի արժութային ճգնաժամի մասին իրենց հոդվածով Թուրքիայի տնտեսական կայունության խաթարման փորձի մեջ, հայտնում է AP-ն։

Ստամբուլցի լրագրողներ Քերիմ Քարակայային եւ Ֆերքան Յալինկիլիչին մինչեւ հինգ տարվա ազատազրկում էր սպառնում 2018 թվականի օգոստոսին գրված հոդվածի համար։

Մոտ 30 այլ մեղադրյալ, այդ թվում՝ հայտնի տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզը եւ լրագրող Սեդեֆ Քաբասը, ովքեր դատարանի առջեւ էին կանգնել սոցցանցերում Թուրքիայի տնտեսության եւ բանկերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների համար, նույնպես արդարացվել են:

Բոլոր ամբաստանյալները, ում մեղադրանք էր առաջադրվել թուրքական բանկային վերահսկողության բողոքի շրջանակներում, հերքել են մեղադրանքները:
Նրանց գործը քննվում էր լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ կառավարական բռնաճնշումների շրջանակներում: Թուրքիայի լրագրողների միության տվյալներով՝ ներկայումս բանտում կա 26 լրագրող եւ ԶԼՄ-ների այլ աշխատակիցներ։

Թուրքական արժույթը 2018 թվականի ամռանն ամերիկացի պաստորի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռեկորդային ցածր մակարդակի էր հասել:

Թուրքիայի տնտեսությունն այժմ հերթական ճգնաժամի մեջ է. գնաճը 61 տոկոս է կազմում, իսկ լիրան դոլարի նկատմամբ 2021 թվականին արժեզրկվել է 44 տոկոսով։