Հակառուսական երանգ կարող եք գտնել Հռոմի ստատուտի վավերացման կամ ցանկացած մեր այլ որոշման մեջ
\Ես՝ որպես պատգամավոր ու խմբակցության անդամ, այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները՝ նույնպես։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան հավանական այցի մասին հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա ասաց, որ չի մտածել այդ մասին՝ հավանական համարո՞ւմ է, թե՞ ոչ, բայց անհավանական էլ չի համարում, ու չի էլ ուզում գնահատել՝ իր մեջ վտանգներ պարունակո՞ւմ է այդ այցը, թե՞ ոչ։
Հարցին՝ սա կարո՞ղ է ՌԴ դեմ ուղղված քայլ լինի, քանի որ ամերիկյան կողմն է առայժմ հաստատում, որ Զելենսկին կարող է այցելել տարածաշրջան, Թունյանն ասաց, թե որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին ինքը չի տեսել։
Իսկ դրա մեջ հակառուսական երանգ չի՞ տեսնում, Թունյանն ասաց․ «Ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում եք։ Հակառուսական երանգ կարող եք գտնել Հռոմի ստատուտի վավերացման կամ ցանկացած մեր այլ որոշումների մեջ։ Բայց քանի որ այս պահին որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա, թույլ տվեք դա չմեկնաբանել, մանավանդ, որ ես ինձ աշխարհաքաղաքակն զարգացումների մեծ մասնագետ չեմ համարում»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին, Թունյանն ասաց, որ եթե նման նպատակ լիներ, կհայտարարվեր, իսկ այս պահին Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ մեր ակտիվությունն այդ կառույցում գրեթե սառեցված է, որովհետև մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում։
«Եւ այստեղ, կարելի է ասել, ոչ թե մենք ենք հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»,- ասաց Թունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում