Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ 44-օրյա պատերազմի զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը։
Նա նշեց. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ուշադրությունն եմ հրավիրում այս բազմամարդ արցախցիների ակցիային։ Հոկտեմբերի 30-ին ասում էիք՝ Հայաստանից են եկել, իսկ հիմա որտեղի՞ց են եկել։ Արցախը կա, լինելու է և արցախցին պայքարելու է այստեղ ապրելու համար, դա ձեր ականջներին օղ արեք»:
Ասրյանի խոսքով՝ էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել արցախցիների համառությունը.
«Դիմում եմ իրենց՝ գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գնացեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք»։
Նրա խոսքով՝ ժամանակին եղել է գաղափար, եղել են միասնական, նույնը պետք է կրկնել;
«Մենք պետք է ունենանք մենք նավապետ և պետք է համախմբվենք նավավարի շուրջ, չպետք է լինեն արտոնյալներ։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում այլ գործեր չեն արվում։ Համախմբվենք մեկ գաղափարի շուրջ՝ լսելի դարձնելու Արցախի ձայնը։ Պետք է պայքարել Արցախի համար, անտարբերությունը մահացու է լինելու բոլորիս համար»: