Բժիշկը բացատրել է հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործման հիմնական վտանգները

Կլինիկական դեղաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Ակուլինան բացատրել է, թե ինչու չի կարելի, որ մարդն ինքն իր համար հակաբիոտիկներ նշանակի։
RIAMO-ի հետ զրույցում դեղաբանն ասել է, որ դիսբակտերիոզը հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործման հիմնական վտանգն է։
Նա նշել է, որ պաթոգեն բակտերիաների հետ մեկտեղ նման դեղամիջոցները ոչնչացնում են նաև աղիներում բնակվող օգտակար միկրոօրգանիզմները, որոնց խնդիրն է պաշտպանել տարբեր հիվանդություններից։ Արդյունքում զարգանում է դիսբակտերիոզ, իմունիտետը նվազում է։
Նաև, ըստ Ակուլինայի, ընկերների խորհրդով կամ ինտերնետի առաջարկներով հակաբիոտիկներ նշանակելը սպառնում է, որ պաթոգեն բակտերիաները սկսում են զարգացնել որոշակի պաշտպանական մեխանիզմ դրանց դեմ:
«Միկրոօրգանիզմները զարգացնում են դիմադրողականություն, որը փոխանցվում է հետագա սերունդներին։ Արդյունքում որոշակի խմբի դեղերը պարզապես դադարում են գործել հիվանդության հարուցիչի դեմ»,- պարզաբանել է դեղաբանը։
Նա նաև հիշեցրեց, որ հակաբիոտիկները արդյունավետ են միայն բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար, դրանք անզոր են վիրուսների դեմ։ Ուստի սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեպքում նման դեղամիջոցներ ընդունելով վերականգնումն արագացնելը հնարավոր չէ։