ՖՈՏՈՇԱՐՔ․ Արցախի զույգ մարգարիտներն ու նրանց պահապանները. Խրամորթ և Թաղավարդ

ՖՈՏՈՇԱՐՔ․ Արցախի զույգ մարգարիտներն ու նրանց պահապանները. Խրամորթ և Թաղավարդ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը ներառված է եղել Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում՝ Շուշիի գավառի կազմում: Գյուղը գտնվում է ներկայիս Արցախի լեռնաշղթայի Հավքախաղաց և Խաչախութի հարթավայրային մասում: Արցախյան առաջին ազատամարտի տարիներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ:

1993 թվականին Խրամորթի կամավորական ջոկատը, գործելով Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմում, դեպի ելման դիրքեր է շպրտել ադրբեջանական մեծաքանակ զինված ստորաբաժանումներին: Գյուղում պահպանվել են մի շարք պատմամշակույթային հուշարձաններ, այդ թվում՝ նաև «Հին Խրամորթ» եկեղեցին, կան նաև թվով ինը աղբյուրներ՝ «Տնջրի աղբյուր», «Աղի աղբյուր» և այլք:

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը գտնվում է Ստեփանակերտից 42 կմ հեռավորության վրա: Բնակավայրի միջով հոսում է Վարանդա գետը:

Գյուղը բաժանվում է երկու մասի՝ Վերին Թաղավարդ և Ներքին Թաղավարդ: 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղի Վերին Թաղավարդ (Բուն Թաղավարդ) թաղամասը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ներքին Թաղավարդ թաղամասը գտնվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ Հայ-ադրբեջանական շփման գիծն անցնում է Թաղավարդ գյուղի Վերին և Ներքին թաղամասերի բաժանարար գծով: Գյուղը հայտնի է իր պատմամշակութային նշանակության հուշակոթողներով:

MediaHub.am-ի աշխատանքային խումբը ընթացիկ օրերին Արցախի Խրամորթ և Թաղավարդ գյուղերում է. վերջին շրջանում արցախյան բնակավայրերի ուղղությամբ թշնամին կրկին ակտիվացել է և շփման գծի երկայնքով տեղակայված ադրբեջանական զինված ուժերը անդադար սպառնալիքներ են հնչեցնում և բնակիչներին կոչ անում՝ լքել գյուղերը: MediHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը, նկարահանող խմբի կազմում գտնվելով հայկական երկրորդ հանրապետությունում, լուսանկարներով կենդանի պատմություն է հյուսել՝ ներկայացնելով բնակիչներին, մեր հերոս զինծառայողներին և համայնքային կյանքն իր ողջ նրբերանգով: