Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Արթուր Թովմասյան

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Արթուր Թովմասյան

«Արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և իրացման արդյունքների անսակարկելի ճանաչման հիման վրա»։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«2022թ-ի ապրիլի 14-ին խորհրադարանը հայտարարություն էր տարածել ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշաձող չի կարող իջեցվել։ Վերահաստատում եմ արված հայտարարությունը։ Արցախի նախագահը ևս այդ մասին խոսել է։ Վերջերս ես նաև Արցախում ընդդիմության հանրահավաքին եմ մասնակցել։ Ոչ թե որևէ անձ, այլ քաղաքական որևէ ուժ չի կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել։ Մենք անկեղծ, ազնիվ ենք ժողովրդի հետ` փաստաթուղթ չկա այս պահին, որ ներկայացնենք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան նախապատրաստվող խաղաղության պայմանագրին, Արթուր Թովմասյանն ասաց․ «Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բայց եթե այդպիսի բան չի արվելու, բխելու է Հայաստանի շահերից, անվտանգությունից, ապա ես չէ, որ Հայաստանի իշխանություններին պիտի ասեմ ՝ ինչ անեն»,-նշեց Արթուր Թովմասյանը։

 ԱՀ ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչև այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր հանրապետության օր :

«Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին «այո» է ասել անկախությանը: Ես ուրիշ տեսակետ ունենալ չեմ կարող։ Բացի դրանից, մենք ունենք 1992 թ-ի հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Որպես անկախ պետություն ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև բոլոր պետությունների հետ փոխշահավետ համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրելու կողմնակից ենք»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով Ստեփանակերտ- Բաքու ձևաչափով բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին, Արթուր Թովմասյանն ասաց․

«Բուդապեշտի սամիթից հետո 90-ական թվականներին Արցախի իշխանությունները նույնպես որպես հակամարտող կողմ մասնակցում էին բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք արցախյան արյունոտ երեք պատերազմների շահառուն ենք։ Թե' Հայաստանի և թե' Արցախի պարագայում ցանկացած ձևաչափի դեպքում էլ Ադրբեջանը գնում է վիժեցման՝ պատերազմի սպառանալիքով ասելով, որ հիմնախնդիրը լուծված է։ Դրան հակառակ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր ձևակերպումներով վերահաստատել է, որ Արցախյան հիմնախնդիր գոյություն ունի, կարգավորման համապարփակ անհրաժեշտություն են տեսնում»,-եզրափակեց նա։

Արթուր Թովմասյանի խոսքով՝ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։

 Անի Գևորգյան