Պայմանավորվածությունը չի փոխվել․ այսօր սպասում ենք․ Արարատ Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն փոխվել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Այս մասին այսօր Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հայ գերիների վերադարձի մասին:
«Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար Կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնենտը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ: Եվ այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Եվ մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ասաց նախարարը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ տեղեկություններ են տարածում, թե հայ գերիներին կվերադարձնեն այսօր օրվա երկրորդ կեսին:
Հայկական կողմը չի շտապում մեկնաբանել այս տեղեկությունը. ավելի վաղ MediaHub-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանն ասաց, որ այս պահին տեղեկություն չկա։ «Լինելու դեպքում կհրապարակվի»,- հավաստիացրեց նա: