ԵՄ-ն մտադիր է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից, գազից և ածխից

ԵՄ-ն մտադիր է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից, գազից և ածխից

Եվրամիության երկրները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածուխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է այսօր Վերսալում մեկնարկելիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։ Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը։

«Բախվելով աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին՝ որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և հետագա վճռական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու մեր եվրոպական ինքնիշխանությունը, նվազեցնելու մեր կախվածությունը (ռուսական էներգիայից) և 2030 թվականի համար նոր աճի և ներդրումային մոդել մշակելու համար»,- ասվում է փաստաթղթի նախագծում։

Գործակալությունը նշում է, որ ԵՄ առաջնորդները միասնական ժամկետ չեն սահմանի ռուսական էներգակիրներից հրաժարվելու համար, քանի որ եվրոպական տարբեր երկրների համար դրանցից կախվածության աստիճանը մեծապես տարբերվում է։