Քննչական կոմիտեի նախագահն անպաշտպան էր մնացել՝ դեռ թիկնապահ ու «պադավատ» չուներ

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանն այսօր զուտ հանգամանքների բերումով հայտնվեց լրագրողների թիրախում։ Քանի որ նրա նշանակումը եղավ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, հետևաբար պարոն Պողոսյանը դեռ նոր պետք է գնար իր նոր աշխատավայր, որ ստանար ծառայողական մեքենան, որը Արգիշտի Քյարամյանի օրոք ձեռք բերված Toyota Land Cruiser 300 է, և ուղեկցող մեքենա՝ թիկնապահներով։
Հետևաբար, նա այսօր անձնական ավտոմեքենայով էր եկել կառավարություն և առանց թիկնապահների, ու ինչպես Մելիք Ադամյան փողոցի մուտքից մտել էր, այնպես էլ դուրս եկավ և լրագրողներն անմիջապես «ճանկեցին» Քննչական կոմիտեի «անպաշտպան» նախագահին։ Ու նա այս ցրտին կոստյումով՝ առանց վերարկուի, ստիպված էր կանգնել ու մի քանի րոպե պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին։ Նրա պատասխաններից հասկացանք, որ Պողոսյանը լավատեղյակ է այս օրերին իր նշանակման մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին, այդ թվում՝ MediaHub-ի հոդվածին, որտեղ գրել էինք, որ նա Արգիշտի Քյարամյանի ընկերն էր, բայց նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի «մարդն» էր համարվում գլխավոր դատախազությունում, որտեղ դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։
Նա տարբեր պաշտոնյաների հետ իր անձնական հարաբերությունների մասին չցանկացավ խոսել, որքան էլ որ հետաքրքրվեցինք, ասաց, որ լավ կլինի՝ իրեն պետության հետ կապեն։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչից էր դժգոհ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանից, որ նրան ազատեց և տեղը իրեն նշանակեց, ի՞նչն էր վատ անում Քյարամյանը, որ հիմա ինքը պետք է ավելի լավ անի։ Պողոսյանը որոշեց փիլիսոփայական պատասխան տալ, թե՝ «պաշտոնը երբևիցե հավերժ չի, մի օր պաշտոնավարում ենք, և մի օր պետք է պատրաստ լինենք լքել էդ պաշտոնը»։ Ասացինք, որ մենք հավերժության մաիսն չենք խոսում, այլ այն մասին, որ մեր երկրում պաշտոնյաները անակնկալ ձևով են նշանակվում և ազատվում, և նրանց աշխատանքի արդյունավետությունը հանրությունը չի կարողանում գնահատել՝ լա՞վ էին աշխատում, թե՞ վատ։
«Ի՞նչ եք ակնկալում հիմա ինձանից»,- ասաց նա։ Մենք էլ հստակեցրինք, թե ինքը պատրաս՞ստ է այդ պայմաններում աշխատել՝ Ֆեյսբուքով նշանակվել, SMS-ով ազատվել, ինչպես եղավ վերջին նշանակում-ազատումների դեպքում։
«Կներեք, ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,- ասաց նա՝ չասելով հստակ, թե ինչո՞վ է ավելի լավ ծառայելու, քան Արգիշտի Քյարամյանն էր ծառայում։
Մի քանի րոպե ևս իր աշխատանքի մասին փիլիսոփայական բնույթի դատողություններ անելուց հետո ՔԿ նորանշանակ նախագահը մի կերպ պոկվեց մեզանից ու շտապեց ՀՀԿ գրասենյակի մոտ երկրորդ շարքում իրեն սպասող մեքենայի մոտ, որը խառը համարներով տասը տարվա վաղեմության Hyundai Sonata էր, և հեռացավ։
Մենք Արթուր Պողոսյանին երկար ժամանակ չենք տեսնի, մինչև որևէ բաց միջոցառման չհանդիպենք, քանզի մյուս նիստին նա արդեն կառավարություն կժամանի թիկնապահներով և ուղեկցող մեքենայով և միանգամից կմտնի կառավարության բակ, այնտեղից էլ մեքենայով դուրս կգա։
Մանրամասները՝ տեսանյութում
Վահե Մակարյան