Մինչ nuտիկանությունը փնտրnւմ է «Ֆազին» uպանողին, համացանցում տեսանյութեր են տարածվում ենթադրյալ hանցագnրծի փախnւuտից

Այս տարվա հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում հնչած կրակոցներից սպանվեց քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը։ Նախնական տեղեկությամբ՝ նրան սպանել է վարձու մարդասպանը, որը ոճիրը գործելուց անմիջապես հետո գողացված Opel մակնիշի մեքենայով փախել է դեպքի վայրից։

Դեպքից անցել է մոտ մեկ ամիս, սակայն իրավապահ մարմինները դեռ փնտրում են հանցագործին կամ հանցագործներին, քանզի տեղեկություն կա, որ «Ֆազին» սպանողները երկուսն են եղել։ Իսկ մինչ իրավապահները փնտրում են, համացանցում արդեն տեսանյութեր են տարածվում, թե ինչպես է ենթադրյալ մարդասպանը իր սև գործը տեսնելուց հետո անարգել փախչում դեպքի վայրից, թաքնվում Շինարարների փողոցում, ապա նստում վերը նշված Opel-ն ու հեռանում տարածքից։ 

Մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չկա։ Ոստիկանությունից MediaHub-ին ասացին, թե օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են, նորություն լինելու դեպքում հավելյալ տեղեկատվություն կտան։ 

Այսինքն՝ հերթական, հերթապահ և անտաղանդ պատասխանը։ Ու այս ոստիկանական համակարգի վրա ՀՀ քաղաքացին պետք է հույս դնի, որ իր անվտանգությունը պետք է հենց իրենք ապահովեն՝ այս անիմաստ տեքստեր տարածող կառույցի աշխատակիցները։ Դրա համար էլ «Ֆազի» կողմնակիցները, հույս չդնելով, բնականաբար, իրավապահ կառույցների աշխատանքի վրա, իրենք են իրենց միջոցներով փորձել գնալ մարդասպանի հետքերով։ Նրանք վերցրել են Աջափնյակ համայնքի՝ դեպքի վայրին մոտ տեղակայված օբյեկտների տեսախցիկների արձանագրությունները, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ենթադրյալ հանցագործը հեռանում դեպքի վայրից, պարեկներից թաքնվում ինչ-որ օբյեկտի տարածքում, ապա դուրս գալիս և անարգել հեռանում։

Այսքանը մասնավոր անձինք կարողանում են անել, իսկ ոստիկանությունը, որի անմիջական գործառույթն ու պարտականությունն է, չի կարողանում կամ չի ուզում, կամ ուղղակի անկարող են անգամ տեսախցիկների արձանագրությունները վերցնել։ Իսկ եթե վերցրել են, ապա կարող են գոնե այդքանը ասել, որ առգրավել են, ուսումնասիրում են։ Թե չէ տպավորություն է, որ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, և Հայաստանում մարդիկ կարող են ազատ հանցանք գործել ու չբռնվել, չպատժվել, եթե, իհարկե, ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունեն։

Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում ջղաձգումների մեջ են հայտնվել, երբ տեսել են համացանցում հայտնված տեսանյութերը, որոնք, փաստացի, ցույց են տալիս, որ այն, ինչ չի անում ոստիկանությունը, անում են հասարակ քաղաքացիները։ Թեպետ, հիմա էլ կարող է հայտարարեն, թե այդպիսով վնասել են իրենց օպերատիվ հետախուզական աշխատանքին կամ նախաքննությանը՝ այդպիսով «արդարացնելով» իրենց անգործությունը։ 

Վահե Մակարյան