Տյառնընդառաջ կամ Տրնդեզ. տոնի խորհուրդն ու որտեղի՞ց է այն գալիս

Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված ու ժողովրդական տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսում է Տյառնընդառաջի տոնը:
Երեկոյան ժամերգությունից հետո իրականացվում է նախատոնակ։ Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։
Նախատոնակի արարողության ավարտին սովորաբար կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:
Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տրնդեզի (Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից) ակունքները գալիս են հեթանոսությունից, երբ եղել է կրակի պաշտամունք։ Տոնակատարությունը նվիրված է եղել Միհր Աստծուն։ Դրա իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր։ Կարծել են, որ կրակի օգնությամբ սառնության վրա են ազդում։
Տյարռնընդառաջը նշվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը։ Այն հայտնի է նաև Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ և այլ անուններով։
«Տյառնընդառաջ» (Տիրոջն ընդառաջ) անվան ծագումը հետևյալն է՝ ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին տանում է տաճար, Աստծուն ընծա մատուցում և օրհնություն ստանում։
Այն հիմնականում նշում են նոր նշանվածներ կամ նոր ամուսանացածներ ունեցող ընտանիքները։ Բացի այդ, այս օրը Հայաստանում տեղի են ունենում նշանադրման ու հարսանիքի բազմաթիվ արարողություններ։ Տոնի ավանդույթներից է խարույկավառությունը։
Ժողովրդական ավանդության համաձայն՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում են կերակրատեսակներ՝ փոխինձ, չամիչ, աղանձ, ընկույզ, սիսեռ և պտտեցնում կրակի շուրջ։ Երբ բոցը ցածրանում էր, նրանք սկսում էին կրակի վրայով ցատկել։
Հին ժամանակներում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ։ Հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը. եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, առատ բերք են ակնկալել։ Իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք, ապա երաշտ է կանխատեսվել։ Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից են գալու հարսնացուն կամ փեսացուն:
Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար։ Նորապսակներն էլ պարել են այդ շրջանի մեջ: