Այս պահին հիվանդանոցում գտնվում է 16 երեխա․ մի քանիսն այսօր դուրս կգրվեն

Այս պահին հիվանդանոցում գտնվում է 16 երեխա․ մի քանիսն այսօր դուրս կգրվեն

Այս պահի դրությամբ Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից հիվանդանոցում է գտնվում 16 երեխա: MediaHub.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաշատի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեակավար Անդրանիկ Կիրակոսյանը։

Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ երեխաների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝ չճշտված համախտանիշով, նրանց վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության։ Ըստ Կիրակոսյանի՝ երեխաներից մի քանիսը մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:

Արտաշատի ԲԿ-ից էլ մեզ հայտնեցին, որ երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Համաճարակաբանական հետազոտությունը ընթացքի մեջ է:
Նկատենք, որ մեր տեղեկություններով՝ Արարատի մարզպետն ու Արտաշատի համայնքապետն արդեն այցելել են երեխաներին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ են տեղափոխել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզի երեխաներից 16-ին։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված երեխաների առողջական վիճակի վերաբերյալ։ Փոխանցվում է, որ 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,- հայտնում են ԱՆ-ից։

Նարե Գնունի