Հայաստանը 3+3 ձևաչափի «աղքատ բարեկամն» էր․ Մելքոնյան

«3+3» ձևաչափից ոչ մի սպասելիք չունեմ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
Նրա խոսքով, Թուրքիան 2020թ-ից առաջ է քաշում այդ ձևաչափը, տարածաշրջանային հարցերում իր տեղը զբաղեցնելու համար, որպեսզի ներգրավվածությունը լինի ոչ թե Ադրբեջանի միջոցով, այլ ուղիղ ստեղծված հարթակի շնորհիվ։ Իրանն, իր հերթին, ցանկանում էր մեծացնել ազդեցությունը տարածաշրջանային հարցերի լուծման և որոշումների ընդունման հետ կապված, քանի որ մինչ այս հարցերը կարգավորվում էին Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի և Ռուսաստանի միջոցով և Իրանը օրակարգից դուրս էր մնում: Այնինչ Իրանին անհրաժեշտ էր ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում։
«Մենք 3+3 ձևաչափի «աղքատ բարեկամն» էինք և վերջին լուսանկարի վրա ամենը շատ հասկանալի է դառնում։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը արևմտյան ձևաչափով հանձնեց ամենը, ինչ հնարավոր էր և հնարավոր չէր, և պայմանավորվածություններ ձեռք բերեց։ Ալիևը, հասկանալով, որ տարածաշրջանային ձևաչափը իրենից մեծ ուժ կարող է ներկայացնել և հասկանալով, որ արևմտյան հարթակում հայկական կողմից ստացել է բոլոր զիջումները, անցել է այս հարթակում Ռուսատանին և Իրանին ցույց տալու այն, որ պրոարևմտյան չէ իր քաղաքականությունն ու օրակարգը՝ ի հակառակ Հայաստանի և դրա համար էլ չմեկնեց Գրանադա»,- նշեց միջազգայնագետը։
Մելքոնյանի խոսքով ՝ Շառլ Միշել-Ալիև-Փաշինյան հանդիպումը հնարավոր է այս պահի դրությամբ, քանի որ Ադրբեջանը 3+3-ից չստացավ իր ուզածը, սակայն, մյուս կողմից, դժվար թե առաջին հանդիպմանը օրակարգում լինեին Ադրբեջանի պահանջները, քանի որ առանցքայինը ձևաչափի մեկնարկի ամրապնդումն էր։
Ըստ նրա, պայմանական՝ կարող ենք անվանել ձևաչափը «Աստանա» Կովկասի համար, այն դեպքում՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Սիրիա։
Վերադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպմանը՝ ասաց. «Ինչո՞ւ ոչ, եթե ադրբեջանական կողմը հասկանում է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը այնտեղ էլ կարող է ինչ-որ բան խոստանալ և հանձնել, ապա միանշանակ կգնա այդ հանդիպմանը։ Այստեղ կա հարցի նաև երկրորդ կողմը. Ադրբեջանը, տեսնելով, որ առանց իր մասնակցության էլ Արևմուտքի առջև Հայաստանը զիջումների է գնում, կարող է և չմասնակցել»։
«Հարցի երրորդ կողմն այն է, որ արևմտյան ճնշումը կարող է մեծանալ և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և Ալիևը այս ձևաչափի մեջ էլ պետք է փորձի ինտեգրվել, քանի որ նա Բրյուսելից, Պրահայից և Գրանադայից ստացավ ամենը և Արևմուտքն արդեն կսկսի դրդել շարունակել մասնակցել այս ձևաչափին։ Իրավիճակն անկայուն է, և վաղը կարող է ողջ իրադրությունը փոխվել: Պարզ էր, որ 3+3-ում ոչինչ չի ստորագրվի այս պահին, իսկ Ադրբեջանի մասնակցությունը նման է աճուրդի, թե որտեղ և ինչ կառաջարկեն»,- եզրափակեց Մելքոնյանը։
Մարիա Զարգարյան