«Պատերազմին վերջ տալու միջոցն Ուկրաինայի տարածքի մի մասի փոխանցումն է Ռուսաստանին». ԱՄՆ նախկին պետքարտուղար

Վերջերս Շվեյցարիայում Դավոսի գագաթնաժողովում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը պատերազմին վերջ տալու միջոց համարեց Ուկրաինայի տարածքի մի մասի փոխանցումը Ռուսաստանին:
Հ. Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոքությունը դեռ կարող է դիտարկվել որպես հակամարտության կարգավորման վերջնանպատակ, սակայն, չնայած դրան, հակամարտության կարգավորման հնարավորություններն այժմ ավելի քիչ են, քան առաջ:
Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին, Քիսինջերը հիշեցրել է, որ հոդվածում, որը գրվել է 8 տարի առաջ, ինքը «իդեալական» տարբերակ է համարել Ուկրաինայի գոյությունը որպես չեզոք տեսակի պետություն, ինչն էլ կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի և Եվրոպայի միջև:
«Կարծում եմ՝ այսօր նման հնարավորությունը նույնքան իրատեսական չէ, սակայն դեռ կարող է ընկալվել որպես վերջնանպատակ», - նշել է Քիսինջերը:
Հ. Քիսինջերը Դավոսի գագաթնաժողովում նաև հայտարարել է, որ ՌԴ-ի հետ Ուկրաինայի բանակցությունները վերսկսելու ջանքերի ձախողումը երկարաժամկետ հետևանքներ կունենա Եվրոպայում կայունության համար։
«Բանակցությունները պետք է սկսվեն մոտակա երկու ամիսների ընթացքում, մինչ զարգացումներն ու լարվածությունը ի հայտ կգան, որոնք հեշտությամբ չեն հաղթահարվում», - հավելել է Հ. Քիսինջերը:
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խստորեն քննադատել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի առաջարկած լուծումը.
«Քիսինջերն այնքան հեռու է գնում, որ ասում է՝ Ուկրաինայի մի մասը պետք է տրվի Ռուսաստանին։ Քիսինջերի օրացույցը, ըստ երևույթին, ոչ թե 2022 թվականի, այլ 1930 թվականի է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վ. Զելենսկին վկայակոչում է 1938 թվականի Մյունխենի համաձայնագիրը, որը թույլ էր տալիս նացիստական Գերմանիային անեքսիայի ենթարկել արևմտյան Չեխոսլովակիայի տարածքները:
Նա նաև ընդգծել է, որ աշխարհաքաղաքական բոլոր շահարկումների հետևում նրանք, ովքեր խորհուրդ են տալիս Ուկրաինային՝ զիջել իր տարածքի մի մասը Ռուսաստանին, քաղաքական գործիչներ են, ովքեր միշտ անտեսել են հասարակ մարդկանց վիճակը, նշելով, որ հասարակ մարդկանց հետ միշտ պետք է հաշվի նստել։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արստովիչը ևս արձագանքել է Արևմուտքից հնչող կոչերին, համաձայն որոնց ,Կիևը երկրի մի մասը պետք է զիջի Ռուսաստանին՝ խաղաղության համար։
«Գնացեք գրողի ծոցը նման առաջարկներով, այ ապուշներ, որ առևտուր եք անում Ուկրաինայի տարածքով, գժվե՞լ եք: Մեր երեխաները կորցնում են իրենց կյանքը, մեր զինվորները մարմնով փակում են ականանետներն ու հրետակոծությունները, իսկ նրանք մեզ ասում են, թե ինչպես պետք է զոհաբերենք մեր հողը։ Նման բան երբեք չի լինի», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նույն Հ. Քիսինջերի առաջարկն էր խորհուրդ տվել Վ. Զելենսկուն:
Ռեբեկա Հովհաննիսյան