Ո՞ւմ է պատկանում Արաքս գյուղում ապօրինի շահագործված հանքը, որը բացահայտել են ոստիկանները (տեսանյութ)
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Արաքս գյուղում ավազի ապօրինի շահագործվող հանք են հայտնաբերել, որի գործունեությունը կասեցրել են, իսկ բեռնատար մեքենաները տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Դրա վերաբերյալ MediaHub-ը տեսանյութ ունի։ Էջմիածին քաղաքին վերաբերող տարբեր ֆեյսբուքյան խմբերում այս օրերին շրջանառվում է մի գրառում, որտեղ նշված է, թե Արաքս գյուղի այդ ապօրինի հանքը դե ֆակտո պատկանում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։
«Չնայած Մելքոնյան Գագոյի տղաներ Արման և Կարեն Մելքոնյանների կողմից ոստիկանների նկատմամբ կատարած ճնշումներին, ոստիկանները գտնվեցին իրենց բարձունքի վրա և քրեական գործ հարուցեցին այդ փաստով, և այդ հանքի բեռնատար մեքենաները բերվեցին ոստիկանության բակ: Սա Մելքոնյան Գագոյի միակ հանքը չէ, վերջինս այնքան ապօրինի և օրինականացրած անշարժ և շարժական գույք ունի, որ չի զիջում իր ունեցվածքով Հայաստանի ամենահարուստ մարդկանց»,- ասված է գրառման մեջ։
MediaHub-ը այս թեմայով զրուցեց ինչպես Գագիկ Մելքոնյանի, այնպես էլ ոստիկանության մամուլի ծառայության հետ՝ հասկանալու տեղեկության իսկությունը։ Գագիկ Մելքոնյանը մեր հարցը լսելուն պես՝ ինքը հանք ունի՞ այնտեղ, կարճ ասաց՝ ոչ, իսկ ճշտող հարցին՝ առհասարաակ, որևէ այլ տեղ հանք կա՞, որ իրեն է պատկանում, դարձյալ կտրուկ բացասական պատասխան տվեց և անջատեց հեռախոսը։ Ոստիկանության լրատվականից էլ հաստատեցին ոստիկանների կողմից ապօրինի շահագործվող հանքի տեղեկությունը՝ նշելով․ «Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի վարչական տարածքում զբաղվում են ավազի ապօրինի արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։ Բաժնի տարածքով ստուգողական գործողություններ են իրականացրել, հայտնաբերված տեխնիկան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ նախապատրաստված փաստաթղթերն էլ ուղարկվել են նախաքննական մարմին»։
Թե ում է պատկանում հանքը, ում անունով է, ոստիկանությունից չասացին։
Մեզ հասած տեղեկություններով՝ հանքը գրանցված է Երևանի բնակիչ Գրիգոր Պետրոսյանի ու այլ անձանց անունով։ Սակայն, ինչպես պնդում են Արմավիրի մարզի մեր աղբյուրները, ու ինչպես նշված էր նաև ֆեյսբուքյան գրառման մեջ, հանքի իրական տերն ու շահառուն պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ու նրա որդիներն են։
Վահե Մակարյան