Ինչո՞ւ է Թունյանը հրաժարվել նախարարի պաշտոնից

Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ-ն վարչության նիստ է արել ու հավանության արժանացրել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Mediahub-ի տեղեկություններով այսօրվա վարչության նիստին հրավիրված է եղել նաև Բաբկեն Թունյանը, որը ՔՊ անդամ չէ և, հետևաբար, վարչության անդամ էլ չէ: Եւ նիստի ժամանակ հայտարարվել է, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկվում է երկու հոգու թեկնածություն Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի:
Թունյանը, սակայն, շնորհակալություն հայտնելով առաջարկի ու վստահության համար, ասել է, որ ինքը չի ցանկանում դառնալ նախարար, որովհետև իրեն տեսնում է ավելի շատ ԱԺ-ում, որտեղ ինքը Տնտեսական հարցերի հանձնաժողովի դե ֆակտո նախագահն է: Ավելին, կարծում է, որ ինքն էլ, Պապոյանն էլ լավ կլիներ մնային խորհրդարանում, որտեղ իրենք ավելի շատ անելիք ունեն, և ճիշտ կլիներ էկոնոմիկայի նախարար նշանակվեր դրսից որևէ մեկը: Թունյանը նաև նշել է, որ եթե այլ տարբերակ չլիներ, ինքը, այդուհանդերձ, կհամաձայներ առաջարկին (թիմին չքաշելու համար), բայց քանի որ կա նաև Գևորգ Պապոյանի թեկնածությունը, ինքը կողմ է, որ Պապոյանը դառնա նախարար:
Մեզ ասացին նաև, որ Բաբկեն Թունյանը, որը կուսակցական չէ և հիմնականում խուսափում է քաղաքական դիրքերից հանդես գալ, հրաժարվել է նախարարի պաշտոնից աչքի առաջ ունենալով նաև Քերոբյանի ճակատագիրը:
Նկատենք, որ Բաբկեն Թունյանը իշխանական թիմից կարծես թե միակն էր, որ քրեական գործով անցնող և այս պահին տնային կալանքի մեջ գտնվող Վահան Քերոբյանի հասցեին հրապարակավ դրական կարծիք հայտնեց չնայած իրենց ունեցած աշխատանքային բազմաթիվ տարաձայնություններին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Mediahub-ը գրել էր, որ կառավարությունում քննարկվել է նաև էկոնոմիկայի նախկին փոխնախարար, վորոնեժցի գործարար Արտակ Քամալյանի թեկնածության հարցը, բայց հետո պարզել են, որ Քամալյանի նշանակման հարցում իրավական խոչընդոտներ կան քաղաքացիության և ՀՀ-ում մշտական բնակության խնդիր ունի նա, և նորից վերադարձել են ԱԺ-ի տնտեսական բլոկից թեկնածու ընտրելու հարցին, որովհետև շատերը ուղղակի չեն ցանկացել աշխատել այս կառավարությունում ոչ մի երաշխիք չունենալով, որ վաղը իրենք էլ Քերոբյանի պես «փուռը չեն գնա»:
Վահե Մակարյան