«Այս նախարարի օրոք երկրում ո՛չ ուսուցիչ կմնա, ո՛չ երեխա, որ կուզենա ՀՀ-ում ուսումը շարունակել»

MediaHub-ն արդեն գրել է, որ սեպտեմբերին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել, նաև հանդիպել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն այդ ամենը որևէ արդյունք չի տվել: Մանկավարժների համայնքը շարունակում է դժգոհել ու պահանջել իրենց հարցերին այլ լուծումներ տալ։
Խնդիրները կրթական ոլորտում չեն պակասել, բողոքները՝ նույնպես:
«Տիկին նախարար, լուրերը շատ արագ են տարածվում, դուք էլ չեք թաքցնում, որ ձեր երեխան իր ուսումը շարունակում է դրսում: Իշխանության գալու պահից աղաղակում էիք, որ պետք է պաշտոնյաների երեխաներն ուսանեն Հայաստանի Հանրապետությունում։ Բայց իհարկե գիտակցում եք ձեր բերած քաոսը այս ոլորտում և համալսարաններում տիրող իրավիճակը։ Բացի ուսուցիչ լինելուց ես նաև ծնող եմ, ում երեխաները բարձրագույն կրթություն են ստանում ՃՇՀԱՀ–ում։ Անգամ համակարգիչներ չկան լսարաններում, գրաֆիկ դիզայնի ֆակուլտետում, սա ուղղակի խայտառակություն է»,– նշեց մեր զրուցակիցը։
Մանկավարժի խոսքով՝ պետական բուհերում իրական քաոս է տիրում, դրա համար մասնավոր բուհերում դիմորդները շատ են։
Ասում է՝ մասնավոր բուհերում էլ ուսման մակարդակը տարակուսելի է, շատ բուհերում դասախոսները նույնիսկ դասերին չեն ներկայացնում, միայն վարձերը վճարելու ժամանակ են հիշում ուսանողներին։ Իսկ ուսման վարձերի շարունակ բարձրացմանը զուգահեռ լավ դասախոսները կա՛մ հեռանում են, կա՛մ էլ ընդդիմադիր հայացքների համար հեռացվում աշխատանքից:
«Եթե այսպես շարունակվի, ապա կրթական համակարգը վերից վար կազմաքանդ կարվի և վախենում եմ, որ այս նախարարի օրոք երկրում ո՛չ նորմալ ուսուցիչ կմնա, ո՛չ դասախոս, ո՛չ էլ երեխա, որը կրթությունը կցանկանա շարունակել մեր երկրում։ Այսօր էլ երկարամյա փորձ ունեցող ուսուցիչներն են աշխատանքից ազատվում ատեստացիայի պատճառով, իսկ ես համոզված եմ, որ իշխանական ցանկացած օղակի ատեստացիայի որ ,ենթարկեն ոչ ոք չի հաղթարարի այն»,– եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան