3 վիրավոր կա․ 60-ամյա վարորդը «Honda»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 322-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Հովհաննես Տ․-ն և 65-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։