Դիմել եմ ԱԳՆ Ադրբեջանում ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար

Դիմել եմ ԱԳՆ Ադրբեջանում ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձնման գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար։

Մայիսի 14–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։ Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։

Արդյունքում, ստացվում է, որ մենք առաջընթաց ենք ունենում միայն հայտարարությունների քանակի աճի հետ կապված։

Հատկապես մտահոգիչ է այն, որ արդեն երեկ՝ հունիսի 1-ի Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ուներ ընդհանրական բնույթ, այն ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։

Ակնկալում եմ, որ իշխանությունները և միջազգային գործընկերները հետևողական կլինեն Շառլ Միշելի հայտարարությունը արագ կյանքի կոչելու հարցում»։